Բիոն Յովսէփի Յակոբեան (1926, հոկտեմբերի 24, գիւղ Ծղալթպիլա (Վրաստանի Ախալցխայի շրջանում)-սեպտեմբերի 26, 2000), գրականագէտ, աղբիւրագէտ, բնագրագէտ։ Բանասիրական գիտութիւնների դոկտոր (1969 թ.), փրոֆեսոր (1983 թ.)։ ԽՍՀՄ գրողների միութեան անդամ 1972 թվականից:
1945 թուականին ընդունուել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը եւ աւարտել 1950 թուականին՝ գերազանցութեան տիպլոմով։ 1950 թուականին Բիոն Յակոբեանն ընդունւում է ԳԱ Մանուկ Աբեղեանի անուան գրականութեան ինստիտուտի ասպիրանտուրան՝ «Հայ նոր գրականութեան պատմութիւն» մասնագիտութեամբ։ 1954 թուականից աշխատել է այդ ինստիտուտում (1975-1989 թթ.՝ բնագրագիտութեան բաժնի վարիչ), միաժամանակ, 1970 թուականից դասախօսում է ԵՊՀ-ում։ Յակոբեանի աշխատութիւնները նուիրուած են հայ գրականութեան եւ մշակոյթի պատմութեան ու տեսութեան հարցերին, հայ-ռուսական, հայ-էստոնական գրական առնչութիւններին։ Լուրջ վաստակ ունի աբովեանագիտութեան բնագաւառում։ Յայտնաբերել եւ գիտական շրջանառութեան մէջ է դրել հայ գրականութեան ու հայագիտութեան պատմութեանը վերաբերող բազմաթիւ նորայայտ սկզբնաղբիւրներ ու վաւերագրեր։
Բ. Յակոբեանն առաւել քան մէկուկէս տասնեակ տարիների ընթացքում պեղել է Տարտուի, Կազանի, Մոսկուայի, Լենինկրատի, Թպիլիսիի, Երեւանի, Գիեւի պետական ու գրական գաղտնի արխիւները, յայտնաբերել ու կուտակել Աբովեանին վերաբերող գերմանալեզու, ռուսալեզու եւ հայալեզու արխիւային վիթխարի քանակութեամբ նիւթեր, զբաղուել դրանց վերծանութեամբ ու համակարգմամբ եւ կերտել աբովեանագիտական իր մեծարժէք ուսումնասիրութիւններն ու թեքսթաբանական-բանասիրական հրապարակումները։
Բիոն Յակոբեանը մահացած է 2000 թ. սեպտեմբերի 26-ին եւ թաղուած է Աշտարակի քաղաքային գերեզմանատանը։