Օննիկ Չիֆթէ-Սարաֆ (Յովհաննէս Գրիգորի Աբիսողոմեան, հոկտեմբերի 26, 1874, Սկիւտար, Օսմանեան կայսրութիւն — Յուլիսի 11, 1932, Ժնեւ, Զուիցերիա), արեւմտահայ արձակագիր։
Ծնուել է Կ. Պոլսի Սկիւտար թաղամասում։ Սկզբնական կրթութիւնը ստացել է Գատը գիւղի Արամեան դպրոցում եւ ապա՝ Կեդրոնական վարժարանում։ Նիւթական անբարենպաստ պայմանների պատճառով վերջին դասարանից դուրս է գալիս եւ աշխատում է որպէս վաճառատան գրագիր։
1900 թ. «Սուրհանդակ» թերթում տպագրել է գրական ակնարկներ «Նժդրակի հարուածներ» ընդհանուր վերնագրով, Օննիկ Չիֆթէ Սարաֆ ստորագրութեամբ։ Յաջորդ տարում նա հրաւիրւում է աշխատակցելու Գրիգոր Զոհրապի եւ Արփիար Արփիարեանի խմբագրած «Մասիս» շաբաթաթերթին, որտեղ եւ տպագրուում են նրա առաջին «Ճերմակներով», «Մեծ «այո»-ն» եւ այլ նորավէպեր։ Վերջինս արժանանում է «Մասիսի» յայտարարած մրցանակաբաշխութեան երկրորդ մրցանակին։
1902-1903 թթ. Չիֆթէ-Սարաֆը ճանապարհորդում է Եւրոպայում։ Լինում է Իտալիայում, Զուիցերիայում, Ֆրանսիայում, Անգլիայում։ Խիստ շահեկան եւ անտպաւորութիւնով հարուստ այդ ուղեւորութեան արդիւնք են մի շարք նորավէպեր եւ ճանապարհորդական ակնարկներ՝ «Մշուշի միջէն», «Ռոմա», «Տոմոն», «Մորկէն մէջ» եւ այլն։ 1903 թ. «Ծաղիկ» շաբաթաթերթում հրատարակուած «Միամիտի մը արկածները» վէպը եւս այդ ուղեւորութեան արդիւնք է։ Հետագայ տարիներին «Մասիս», «Ծաղիկ», «Արեւելեան մամուլ», «Շիրակ», «Հայ գրականութիւն», «Շանթ» պարբերականներում, Թեոդիկի եւ այլ տարեցոյցներում, «Բիւզանդիոն», «Նոր լուր», «Արեւ» օրաթերթերում հրապարակւում են Չիֆթէ-Սարաֆի նորավէպերն ու պատկերները, ուղեգրական ակնարկները, թարգմանութիւնները (Վիկտոր Հիւկոյից, Անատոլ Ֆրանսից, Պոլ Պուրժէից եւ այլ հեղինակներից) եւ բազում յօդուածներ։
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Չիֆթէ-Սարաֆը բանակ է կանչւում եւ այս կերպ ազատւում գրչակից ընկերներին վիճակուած զարհուրելի սպանդից։ Նա փախչում է բանակից եւ մինչեւ զինադադար ծպտուած ապրում Պոլսում։
1919 թ. ստանձնում է «Հայ միտք» շաբաթաթերթի հրատարակութիւնը։ Մինչեւ 1922 թ. ապրել է Պոլսում, ապա քեմալական շարժման յաղթանակից յետոյ հայ որբերի հետ անցել է Յունաստան, պաշտօնավարել յունական Քորֆու որբանոցում։ 1923-1932 թթ. աշխատակցել է սկզբում Մարսելում, ապա՝ Ժնէւում որպէս ուսուցիչ։ Այս տարիներին նա գրում է «Բարի եւ չարի խօսքեր», «Ազգային տիպեր» պատկերաշարքերը, «Նոյան տապանէն» երգիծական ակնարկները եւ բազմաթիւ այլ գեղեցիկ էջէր։
Մահացած է ծանր վիրահատութիւնից յետոյ։