Իսպանիայի «Vox» կուսակցությունը գրավոր առաջարկով դիմել է Կոնգրեսին և կոչ արել քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության դադարեցման և խնդրի խաղաղ լուծման ուղղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը:
«Իսպանիայի «Vox» կուսակցությունը Կոնգրեսին գրավոր առաջարկ է ներկայացրել, որով հորդորում է կառավարությանը՝ Եվրոպական միության ինստիտուտներում աշխատանքներ տանել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող ռազմական օգնությունը դադարեցնելու ուղղությամբ, ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու կոչ անել հակամարտող կողմերին, խթանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը»,- նշված է հրապարակման մեջ:
Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երեք անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի, հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ հայտարարվել է հրադադարի մասին, սակայն Ադրբեջանը ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել է դրանք, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։