«Զարթօնք», «Արեւ» եւ «Սարտարապատ թերթերի բարեկամները Չորեքշաբթի, 21 Հոկտեմբեր 2020-ին, դարձեալ ժամադրուած էին հանդիպելու արդեն բոլորին օգտաշատ եւ սպասուած ժամադրավայրը դարձած՝ մամուլի այս անգամ՝ 15-րդ առցանց լսարանում։ Առցանց լսարանը ինչպէս միշտ լաւագոյնս վարեց Հայկազեան Համալսարանի Սփիւռքի Ուսումնասիրութեան Կենտրոնի տնօրէն Դոկտ. Անդրանիկ Տագէսեանը:
Զանազան երկրներէ քանի մը տասնեակ մասնակիցներով կազմուած առցանց հարթակը դարձեալ առիթ էր դրա մասնակիցներին՝ քննարկելու եւրոպահայութեան վիճակը արցախեան պատերազմի այս օրերին։ «Եւրոհայութիւնը. ներկայի իրավիճակ եւ ապագայի Մարտահրաւէրներ Արցախի պատերազմի ստեղծած պայմանների լոյսի տակ» թեմայով շատ հետաքրքրական ելոյթ ունեցաւ «ՕՐԵՐ» եւրոպական անկախ ամսագրի գլխաւոր խմբագիր՝ Յակոբ Ասատրեանը։ Հանդիպման ընթացքում մասնակիցները բանախօսին տուին հետաքրքրական հարցումներ, որոնց համապարփակ կերպով պատասխանեց յարգելի բանախօսը:
Դոկտ. Անդրանիկ Տագէսեանը ողջունեց ներկաներին, ուրախութիւն յայտնեց հերթական անգամ այս ծանր ժամանակահատուածում հաւաքուելու ու կարեւոր թեմայով քննարկում ունենալու համար։ «Ինձ թւում է, որքան կարեւոր է Արցախը, այնքան կարեւոր է այս տեսակ քննարկումները, կեանքը շարունակւում է։ Եթէ մեր մարմնի որոշ մասը վնասուած է, ամբողջ մարմինը չի դադարում գործել։ Ընդհակառակը, պէտք է ուժերը հաւաքել, զօրակոչուել այդ հիւանդ հատուածի բուժման համար։ Կեանքը պէտք է շարունակել տարբեր ուղղութիւններով եւս։ Մեր գործունէութիւնները տարբեր ճակատներով պէտք է շարունակել։ Թւում է, թէ այսօրուայ մեր հանդիպումը կապ չունի Ղարաբաղի հետ, բայց այստեղ զօրակցական երեսակ կայ, որը պէտք է առաջ մղել։ Եւ սա ոչ միայն Ղարաբաղի խնդրով։ Եթէ լայն դիտենք հայկական տարածական քարտէզը, սփիւռքի քարտէզը կը տեսնենք, որ Եւրոպան այնտեղ կարեւոր օղակ է։ Մենք գիտենք, որ վերջին հարիւր տարիների ընթացքում կարեւոր օղակ են եղել Միջին Արեւելքի հայ օջախները, Միացեալ նահանգների հայ օջախները, Եւրոպան որոշ չափով, Հարաւային Ամերիկան որոշ չափով։ Բայց այսօր տպաւորութիւն կայ, որ ոչ բոլոր հայօջախներն են կարեւոր ու վճռական արդիւնքներ գրանցել։ Մենք գուցէ շատ բան ենք փափաքում, մինչդեռ իրականութիւնն այլ է։ Ինչեւէ, եկէք այսօր մի քիչ լսենք Եւրոպայի հայութեան մասին, որը հին ու նոր հայօջախ է իր իրականութեան մէջ։ Մենք լուրջ ակնկալութիւններ ունենք եւրոպայի հայութիւնից»,- իր ներածական խօսքում ասաց Անդրանիկ Տագէսեանը եւ խօսքը փոխանցեց Յակոբ Ասատրեանին։
Բանախօսը եւս իր հերթին ողջունեց ներկաներին, շնորհակալութիւն յայտնեց այս ցաւալի ու մղձաւանջային օրերին հաւաքուելու համար։ «Ես ուզում եմ այն աշխատանքը, որ մենք այսօր կատարում ենք Եւրոպայում, կապել մեր հայութեան իրավիճակի ու Արցախի պատերազմի հետ։ Նախ ասեմ, որ հինգ տարի շարունակ մեր ներկայացմամբ ու «Կիւլպէնկեան» հաստատութեան աջակցութեամբ ես իրականացրեցի մի նախագիծ, որով հանրագիտարանային գրեթէ աշխատանք կատարեցի եւրոպահայութեան պատմութեան ներկայի ու ապագայի հետ կապուած։ Մեր մտայղացումն էր պարզել, թէ ովքեր են այսօր ապրում Եւրոպայում, ինչ խնդիրներ ունեն ու ինչ կազմակերպութիւններ, անհատներ կան։ Այդ ամենը եւրոպական «Օրեր» ամսագրի ամեն համարում ներկայացրինք մեր ընթերցողներին։ Առաջին փուլով աւարտել ենք գրեթէ 20 երկրի մասին մեր յօդուածները, այդ թւում այնպիսի երկրների որոնց հայկական համայնքների ու հայութեան մասին երբեւէ չի գրուել։ Սկսեցինք Ռումինիայից, ապա՝ Լաթվիա, Լիթվիա, Էսթոնիա, Դանիա, Նորվեկիա, Պելկիա, Լեհաստան, Աւստրիա, Չեխիա, Հունգարիա, Սլովաքիա, Մակեդոնիա, Մալթա, Լիւքսեմպուրկ, Սերբիա, Սլովենիա։ Հիմա պատրաստում ենք Բուլղարիայի, Շվեյցարիայի, Կիպրոսի եւ Գերմանիայի հայկական համայնքների մասին յօդուածները»,- ներկայացրեց բանախօսը։
Բանախօսի խօսքով՝ մինչ հիմա մենք լաւ չենք ճանաչել ու չգիտենք, թէ ինչպիսի հայկական ժառանգութիւն ունենք Եւրոպայում։ «Ես ապշեցի, թէ հայկական ներկայութիւնը, օրինակ, Ռումանիայում ինչքան հարուստ է, ինչքան եկեղեցիներ ու մշակութային ժառանգութիւններ ունենք, որոնց մասին չի գրուել։ Բնականաբար, բացի եկեղեցիներից ու համայնքային կազմակերպութիւններից, տարբեր է նաեւ համայնքների ֆինանսական վիճակը։ Բացի դասական սփիւռքի երկրներից՝ Ֆրանսիա, Յունաստան կամ Շվեյցարիա, երկրներ կան, որտեղ համայնքները պետութիւնից օժանդակութիւն են ստանում։ Օրինակ Ռումանիան մէկ միլիոն տոլար է ստանում պետութիւնից։ Իրենք կարողանում են դրանով տարբեր աշխատանքներ իրականացնել, դպրոց պահել, ամսաթերթ պահել։ Կան երկրներ, որոնք ոչինչ չեն ստանում ու այդ հայկական համայնքներում ամեն ինչ կատարւում է բարերարների ու տեղի սակաւաթիւ ուժերի միջոցով»,- ասաց Յակոբ Ասատրեանը։
Նա նշեց, որ մենք ունենք շատ կարեւոր գրական ու պատմական ժառանգութիւն, որն հիմնականում ամփոփուած է Վենետիկի ու Վիեննայի Մխիթարեան միաբանասիրութիւնում, որոնց ունեցած գրադարանները ուղղակի աննախադէպ են ոչ միայն եւրոպահայութեան, այլեւ՝ աշխարհի հայութեան համար։ «Մեզ համար մէկ այլ մշակութային հարստութիւն են Եւրոպայի յայտնի ու անյայտ մշակութային գործիչները։ Երբ ես ճամփորդում էի Գերմանիայում ու Աւստրիայում, որեւէ այլ երկրում ես այսքան մշակութային գործիչ չեմ տեսել, որքան այդ երկու երկրներում։ Այս ամենը դասակարգելու, համակարգելու, մեր ներուժը ներկայացնելու ուղղութեամբ հաւանաբար վերջին 20 տարում մենք բաւականաչափ աշխատանք չենք տարել։ Չնայած որ մենք նախաձեռնութիւններով հանդէս եկել ենք, որոշակի աշխատանք տարուել է, բայց ամեն ինչ մնացել է բախտի քմահաճոյքին»,- մանրամասնեց բանախօսը։ Ըստ նրա՝ կարեւոր ներուժ է իրենից ներկայացնում մեր երիտասարդութիւնը։ «Տարբեր երկրներում մենք ունենք երիտասարդական կառոյցներ, բայց դրանք գործում են տուեալ երկրի սահմաններում։ Բացառութեամբ, կարող եմ ասել Հայ դատի յանձնախմբերի ու Հայկական բարեգործական ընդհանուր միութեան հովանու ներքոյ գործող երիտասարդական կառոյցների մասին, որոնք գոնէ տարեկան մի քանի անգամ Եւրոպայի մասշտաբով հաւաքւում են ու որոշակի նախագծեր իրականացնում»,- ասաց «ՕՐԵՐ» եւրոպական անկախ ամսագրի գլխաւոր խմբագիր Յակոբ Ասատրեանը։
Նրա խօսքով՝ 2020 թուականը, ինչպէս աշխարհի այլ երկրների, այնպէս էլ Եւրոպայի համար ծանր տարի էր կապուած սկզբում COVID-19 համավարակի պատճառով առաջացած խնդիրներով, ապա՝ արցախեան պատերազմով։ «Պէտք է ասել, որ այնպիսի միասնութիւն, ինչպիսին մենք տեսանք ու զգացինք արցախեան պատերազմի առաջին իսկ օրերից, ես վերջին քսան տարում երբեւէ չեմ տեսել։ Մեր կայքէջը եւս առաջին իսկ օրուանից ներկայացրել է Եւրոպայում բոլոր ցոյցերը, բողոքի ակցիաները։ Կարող եմ ասել, որ առաջին անգամ առանց որեւէ ուժի կազմակերպման եւրոպահայութիւնը մէկը միւսին նայելով կարողացաւ ոտքի կանգնել ու բացառիկ ցոյցեր իրականացնել Եւրոպայի ամենակարեւոր կենտրոններում։ Այդ միասնութիւնը կարողացաւ տալ իր արդիւնքը։ Բոլոր ցոյցերը իրենց ազդեցութիւնը ունեցել են։ Պէտք է նշեմ, որ այս օրերին տարբեր ուղղութիւններով նամակներ ենք ուղարկել տարբեր կառոյցներին, համագործակցել ենք դեսպանութիւնների հետ։ Մարդկանց մէջ ինքնաբուխ է եղել բողոքելու ու ինչ-որ բանով օգնելու ցանկութիւնը։ Ամենատարբեր ու անհաւանական գումարներն են հաւաքուել ու ուղարկուել Հայաստան, որը մինչ այսօր շարունակւում է իրականացուել»,- նշեց բանախօսը։
Արցախում սանձազերծուած պատերազմը մէկ անգամ եւս ցոյց տուեց, որ մենք՝ հայութիւնը առնուազն կարիք ունի աշխարհացամաքային համակարգող կառոյցների, որոնք կարող են նման իրավիճակներում առնուազն հաւաքել ու նպատակաուղղել ողջ եւրոպահայութեանը, տեսակէտ յայտնեց բանախօսը։
Թերթի խմբագրի խօսքով՝ ապագայի համար այսօր կարեւոր է համագործակցութիւն ստեղծել, դնել նպատակներ, որոնցով պէտք է զբաղուեն բոլոր հայկական կառոյցները՝ Հայաստանին ու Արցախին օգնելու համար։ Ասատրեանի փոխանցմամբ՝ սրան զուգահեռ եւրոպահայութիւնը պէտք է աշխատանք տանի այդ երկրների կառավարութիւնների հետ, որպէսզի իրենց ազդեցութեամբ հնարաւորինս շուտ խաղաղութիւն հաստատուի Արցախում ու դադարեցուի ռազմական աջակցութիւնը Ազրպէյճանին, Արցախը վերականգնուի։
«Սրանք այն առաջնահերթութիւններն են, որոնք ես կարեւորում եմ եւրոպահայութեան համար։ Շարունակական պէտք է լինի օգնութիւնը Հայաստանին ու Արցախին։ Եւրոպահայութեան այսօրուայ խնդիրները երկրորդական են թւում, որոնք յետոյ էլի կ՛անդրադառնանք»,- իր ներածական խօսքը աւարտեց «ՕՐԵՐ» եւրոպական անկախ ամսագրի գլխավոր խմբագիր Յակոբ Ասատրեանը։
Լսարանի մասնակիցները տարատեսակ հարցումներ ուղղեցին բանախօսին, որը համակարգուած տեսքով ներկայացրեց Դոկտ․ Անդրանիկ Տագէսեանը։ Հարցերից մէկն էլ Եւրոպայի նոր հայօջախների, կառոյցների մասին էր, եկեղեցու դերակատարման։ «Շատ տարբեր են եւրոպական երկրներում համայնքային ու եկեղեցական դերակատարումը։ Օրինակ Մալթայում, Լիւքսեմպուրկում, Մակեդոնիայում, Խրուաթիայում, Ալպանիայում եկեղեցական ներկայութիւն չկայ։ Եկեղեցական ներկայութիւն ունենք օրինակ Չեխիայում։ Ունենք հոգեւոր հովիւ, ով նաեւ սպասարկում է Հունգարիայի եկեղեցուն։ Հետեւաբար շատ դժուար է ներկայութիւն ապահովել այն երկրում, որտեղ 50 հայ է ապրում։ Օրինակ, Չեռնոգորիայի հայ համայնքը շատ փոքր է։ Իսկ աշխարհիկ կառոյցներ կան գրանցուած տարբեր երկրներում՝ Չեռնոգորիայում, Մակեդոնիայում, Մալթայում։ Կան հայ-չեռնոգորական բարեկամական միութիւն, հայկական համայնք։ Մեզ մօտ Չեխիայում ունենք եկեղեցական համայնք, տարբեր հասարակական կազմակերպութիւններ, հայ երիտասարդաց միութիւն, «Ուրարտու» մշակութային միութիւն։ Մենք էլ ենք մտածում գրանցել նման կառոյցի նման մի բան ու աւելի արդիւնաւէտ դարձնենք համագործակցութիւնը»,- պատասխանեց բանախօսը։
Անդրանիկ Տագէսեանը հարց ուղղեց բանախօսին, ի՞նչ էր ուզում տեսնել հայկական գաղթօջախներում շրջագայելու ընթացքում, նպատակը ո՞րն էր, ի՞նչ էր փնտրում եւ ինչու՞։ Ասատրեանը պատասխանեց՝ եւրոպահայութեան մասին գրուած հանրագիտարանները շատ թերի են։ «Սփիւռքի հանրագիտարանում եւրոպահայ համայնքների մասին, շատ թերի է։ Ես, երբ սկսեցի շրջագայել, ուզում էի տեսնել ու համեմատել թէ մենք իրականում ի՞նչ ունենք, ո՞ր կազմակերպութիւններ են գործում, ի՞նչ յայտնի ո անյայտ անհատներ ունենք։ Ուզեցի նաեւ ճշտել, թէ համայնքներում հայ երիտասարդութիւնը ինչպէս է մտածում, իր ապագան որտեղ է տեսնում ու ինչպէս է պատրաստւում իր ինքնութիւնը պահպանել Սփիւռքում։ Այս հարցերն էին ինձ համար առաջնային ու մտահոգիչ։ Պէտք է ասեմ, որ զարմանալու շատ առիթներ ունեցայ։ Հիանալու շատ առիթներ ունեցայ։ Մերձպալթիքայի երկրները, որոնց մասին ոչինչ չգիտի, այնպիսի երիտասարդութիւն ունի, որ ուղղակի հպարտանալու առիթ են տալիս բոլոր բնագաւառներում։ Բայց այդ երիտասարդների հետ տեղական կառոյցները չեն աշխատում, համախմբելու առումով։ Ես այդ պահանջը զգացել եմ բոլոր երկրներում։ Բայց ինչպէս տեսաք արցախեան պատերազմի դէպքում բոլորը դուրս էին եկան փողոց, ցոյցի, երթի, ու դա ցաւօք այս պատերազմի պատճառով։ Բայց սա ցոյց է տալիս, որ մեր երիտասարդութիւնը քնած չէ»,- մանրամասն ներկայացրեց Յակոբ Ասատրեանը։
Մէկ կարեւոր հարցի եւս բանախօսը պատասխանեց, թէ ինչի է այս ամեն ինչը ծառայում։ «Ես իմ ճամփորդութեան ընթացքում տարբեր մարդկանց կապում էի միմեանց, նոյն մտածողութեամբ մարդկանց կապում էի իրար։ Միասին նախագծեր են իրականացրել։ Դա համաեւրոպական ցանցի ստեղծման միջոց է։ Դա մի ռազմավարութիւն էր, որը մենք տարբեր տարիներին ներկայացրել ենք, որ գոնէ Հայաստանի իշխանութիւնների աջակցութիւնը ստանանք, բայց որեւէ աջակցութիւն չենք ստացել։ Այս աշխատանքի հիմքում եղել է նման ցանցի ստեղծումը, որպէսզի եւրոպահայութիւնը կարողանայ որեւէ ձեռնարկ անելուց առաջ տեղեակ լինի, թէ կողքի պետութիւնում ինչ է կատարւում ու իրար օգնեն, համագործակցեն։ Այսօր կողքի երկիրը չգիտի, թէ միւս երկրում ինչ է կատարւում։ Մենք անձնապէս բոլորին ճանաչում ենք, լաւ յարաբերութիւնների մէջ ենք։ Բայց որպէսզի այս ցանցը արդիւնաւէտ դառնայ, անհրաժեշտ է բարի կամք, ֆինանսական միջոցներ։ Սա շատ կարեւոր կարող է լինել մեր լոպիական աշխատանքի համար»,- շեշտեց բանախօսը։
Դոկտոր Անդրանիկ Տագէսեանը շնորհակալութիւն յայտնեց բանախօսին հետաքրքիր զեկոյցի եւ հարցերին սպառիչ պատասխաններ տալու համար։ «Զարթօնք» օրաթերթի գլխաւոր խմբագիր Սեւակ Յակոբեանը եւս շնորհակալութիւն յայտնեց մասնակիցներին, բանախօսին մէկ ժամից աւել կարեւոր հարցերի քննարկման համար։ «Մեզ համար շատ բաներ լուսաւորեցուեցին, որոնք չգիտէինք Եւրոպայի հայկական գաղութների մասին։ Ցաւալի կէտեր եւս կային։ Գաղութներ կան, որտեղ համախմբուած աշխատում են։ Սակայն կան նաեւ դէպքեր, որտեղ ծիծաղելու չափ անհատականացուած է այդ համախմբումը։ Մի քանի տող յայտարարութեան տակ 18 կազմակերպութիւն են ստորագրում փոխանակ միացեալ անունով մը ստորագրելու։ Երեւի սա ազգային նկարագիր է։ Ես ուզում եմ Չեխիայում ապրող մէկ հայի մասին պատմել, որին հանդիպեցինք Արցախ ճամփորդութեան ընթացքում։ Ճանապարհին Գորիս քաղաքի համանուն հիւրանոցի սեփականատէրը` Պրն. Սենիկ Ջուլհակեան Չեխիայում բիւրեղապակու աշխատանքներով է զբաղուած։ Պատերազմի լուրը լսելուն պէս իր հինգ զաւակների հետ մեկնել է Գորիս, Արցախի բոլոր փախստականներին իր հիւրանոցի մէջ սիրով պահում է։ Մենք պէտք է հպարտանանք նման անհատներով։ Անգամ եթէ համախմբուած չենք կարող աշխատել, գոնէ անհատական պէտք է անենք։ Շնորհակալ եմ ներկաներին»,- հանդիպումն ամփոփեց Սեւակ Յակոբեանը։
ՔՐԻՍԹԻՆԱ ԱՂԱԼԱՐԵԱՆ