Աւելի քան մէկ ամիս Արցախը միայնակ հերոսաբար պայքարում է թուրք-ատրպէյճանա-ահաբեկչական ուժերի դէմ։ Անկարող լինելով յաղթել հայ հերոսներին, նրանք միջազգային բոլոր պայմանադրութիւնների (convention), հռչակագրերի հակառակ վարձու ահաբեկիչներից կազմուած հազարաւոր խմբեր են հանել մեր Պաշտպանութեան Բանակի դէմ։
Ինչպէս յայտնւում է, ի թիւս այլ արգելուած զինատեսակների, Արցախի դէմ քիմիական զէնքի տարրեր պարունակող ֆոսֆորային զինատեսակ է կիրառուել։
Անկախ նրանից, որ Արցախի Հանրապետութիւնը չճանաչուած պետութիւն է, այնուամենայնիւ ուժի մէջ են մարդու եւ ժողովրդի անվտանգութեան եւ պաշտպանութեան նպատակով ընդունուած միջազգային հակաահաբեկչական պայմանադրութիւններն ու հռչակագրերը, որոնց թիւը անցնում է 16-ից։ հրապարակի վրայ են 13 հակաահաբեկչական պայմանադրութիւն եւ 3 արձանագրութիւն, այդ թւում՝ 1963 թուականի Տոկիոյի, 1970 թվականի` Հաագայի, 1971 թ` Մոնրէալի պայմանադրութիւնը, ՄԱԿ-ի 1994 թուականի՝ Միջազգային ահաբեկչութեան չեզոքացման գործողութիւնների մասին հռչակագիրը եւ այլն), գործում են միջազգային մարդասիրական իրաւունքի սկզբունքներն ու նորմերը, մասնաւորապէս, Ժնեւի 1949 թուականի 4 պայմանադրութիւնները եւ դրանց լրացուցիչ արձանագրութիւնները եւ այլ միջազգային իրաւական աքթեր, որոնց պահանջներին միացած պետութիւնները հրատապ պէտք է կիրառեն դրանք՝ Արցախում։
Այլապէս՝ ահաբեկչութեան արիւնոտ լաւան կը ճարակի աշխարհն ու ‹‹կայրի›› Երկիր մոլորակի խաղաղութիւնը, սակայն արդեն ուշ կլինի․․․
Եթէ պայմանադրութիւնները ընդունւում են խաղաղ ժամանակներում եւ դրանց վրայ ահռելի ժամանակ, մարդկային մտաւոր ներուժ եւ ֆինասներ են ծախսւում, իսկ ահաբեկչութեան, պատերազմների ժամանակ դրանք չպէտք է օգտագործուեն, ապա իմաստազրկւում են միջազգային հանրութեան խօսքը, ուժը եւ գործունութիւնը։
Ուստի, ահաբեկչութիւնից զերծ աշխարհ ունենալու, մարդկութեանն ու քաղաքակրթական արժէքները պաշտպանելու համար առաջատար պետութիւնները պէտք է օր առաջ կանգնեցնեն ահաբեկիչներին, պատասխան պահանջեն ահաբեկչութիւն ծնող այդ երկու պետութիւններից, կատարեն իրենց հակաահաբեկչական պայքարի համար ստանձնած պարտաւորութիւնները։ Յաղթանակն ու Խաղաղութիւնն այլընտրանք չունեն։
ՀՐԱՆՈՒՇ ՅԱԿՈԲԵԱՆ
Իրաւաբանական գիտութիւնների դոկտոր, փրոֆեսոր,
Հայաստանի պառլամենտի անդամ՝ քսան տարուց աւելի,
ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան,
ՀՀ սփիւռքի հիմնադիր նախարար,
Հայ կանանց միջազգային միութեան նախագահ