Լեռնային Ղարաբաղում շարունակվող պատերազմի ռազմաճակատում ողջ օրվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը վարձկան ահաբեկիչների հետ միասին մի քանի ուղղություններով , այդ թվում՝ հյուսիսային, հյուսիս-արևելյան, հարձակման փորձեր են իրականացրել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասուլիսի ժամանակ:
«Որպես կանոն, հարձակման փորձեր են եղել վաշտային և գումարտակային մարտավարական խմբերով, առանձին դիվերսիոն խմբերով»,- նշել է Հովհաննիսյանը:
ՊՆ ներկայացուցիչը հավելել է, որ մարտեր եղել են նաև հարավային ուղղությամբ՝ Որոտան գետի երկայնքով:
«Կոնկրետ մի բարձունքի ուղղությամբ մոտավորապես մի վաշտային խումբ մի քանի զրահատեխնիկայով փորձել է հարձակում իրականացնել, կորցրել է երկու-երեք միավոր զրահատեխնիկա և հետ է շպրտվել»,- ասաց Հովհաննիսյանը:
ՊՆ ներկայացուցիչը նաև հավելեց, որ օրվա ընթացքում ռազմադաշտում հակառակորդը ոչ մասշտաբային քանակով կիրառել է օդուժ և հրետանի: