ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նոյեմբերի 4-ին մասնակցել և ելույթով հանդես է եկել ԵԽ Նախարարների կոմիտեի 130-րդ առցանց նստաշրջանում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ողջույնի խոսքով մասնակիցներին դիմել են ԵԽ Նախարարների կոմիտեում նախագահող երկրի՝ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, արտաքին գործերի ալտերնատ նախարար Միլտիադիս Վարվիցիոտիսը և ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը:
COVID-19 համավարակով պայմանավորված՝ հունական նախագահությունը հրապարակել է «Արդյունավետ դիմագրավել հանրային առողջապահական ճգնաժամին՝ լիարժեք կերպով հարգելով մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և իրավունքի գերակայությունը» (Effectively responding to a public health crisis in full respect for human rights, democracy and the rule of law) խորագրով հայտարարությունը:
Նախարարական հանդիպման շրջանակներում նշվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ստորագրման 70-ամյա հոբելյանը:
Իր ելույթում ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիայի հետևանքները՝ ուղեկցվող պատերազմի հանցագործություններով, մարդու իրավունքների և ԵԽ իրավապայմանագրային կարգի խախտումներով:
Նախարար Մնացականյանը հորդորել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ ապահովելու համար կազմակերպության անարգել մուտքը հակամարտության գոտիներ։