Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը միջազգային կառույցների և կազմակերպությունների հետ շփվելիս եկել է այն եզրակացության, որ չնայած շատերը ցավում են Արցախում տեղի ունեցող իրադարձությունների և կորուստների համար, սակայն որևէ գործողություն չեն անում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Բեգլարյանն այս մասին ասել է «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերի ժամանակ:
«Այո, շատ շատերը հասկանում են մեզ, այո, շատ շատերը ցավում են մեր կորուստների մեր տառապանքների համար, բայց սա ուղղակի մարդկայնորեն: Երբ հարցը հասնում է որոշումներ կայացնելուն կամ գործողություններին, այդ ժամանակ մարդկային զգացողությունները կամ մարդու իրավունքները էական չեն նրանց համար: Էական է քաղաքականը, տնտեսական կամ, միգուցե, այլ շահերը, բայց ոչ արժեքները, ոչ մարդու իրավունքները` անձամբ ես համոզվել եմ, որ էական չէ: Ով առայսօր մեզ օգնել է միանշանակ շնորհակալ ենք բոլորին` դա կլինի անձնապես, տարբեր կազմակերպությունների կողմից, թե պետությունների կողմից: Ով հետագայում էլ մեզ կօգնի նույնպես շնորհակալ ենք, բայց այդ աջակցությունը բավարար չէր հանցագործությունները կանգնեցնելու և պատասխանատուներին պատժելու համար»,- ասաց Բեգլարյանը:
Նրա խոսքով` այս եզրահանգումը բոլորը պետք է իրենց մտքում ունենան, քանի որ իրեն հաճախակի են հարցնում քաղաքացիները, թե ինչ է մտածում միջազգային հանրությունը արդյոք չեն ցանկանում գալ, օգնել:
«Ես բոլորին անկեղծորեն ասում եմ, որ եկեք հույսներս դնենք մեզ վրա, մեր զինվորների, մեր դիրքապահների վրա, այլապես կկորցնենք ամեն ինչ»,- ընդգծեց Բեգլարյանը: