Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյառիտուն միջազգային հանրությանը կոչ է արել շտապ քայլեր ձեռնարկել` կանխելու Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախում իրականացվող նոր ցեղասպանությունը:
«Արմենպրես»—ի փոխանցմամբ` այս մասին Ինյառիտուն ասել է Ստեփանակերտում նկարահանված իր տեսաուղերձում:
«Հենց հիմա մենք գտնվում ենք Ստեփանակերտի հոսպիտալի դիմաց: Այս շաբաթ այն թիրախավորվել է, թիրախավորվել են քաղաքացիական անձինք, թիրախավորվել ենքաղաքացիական ենթակառուցվածքները: Միջազգային հանրությունը պետք է շտապ քայլեր ձեռնարկի, որպեսզի կանխի Ադրբեջանի կողմից նոր ցեղասպանության իրականացումը»,- նշել է Ինյառիտուն:
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի և վարձկան- ահաբեկիչների ներգրավմամբ, ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, բերդաքաղաք Շուշին, Մարտունին, Մարտակերտը, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվում են քաղաքացիական անձինք: