Հայաստանի արդյունաբերական արտադրանքի ծավալը 2020-ի հունվար-սեպտեմբերին կազմել է 1 տրլն 433 մլրդ 11.3 մլն դրամ (մոտ 2 մլրդ 959 մլն 544.2 հազ. ԱՄՆ դոլար) և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել 1 %-ով, 2020-ի սեպտեմբերին այդ արտադրանքի ծավալը կազմել է 190 մլրդ 323.4 մլն դրամ և 2019-ի նույն ամսվա համեմատ աճել 1.8%-ով, իսկ այս տարվա օգոստոսի համեմատ՝ 3.1%-ով։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ վիճակագրական կոմիտեից, ընթացիկ տարվա առաջին ինն ամիսներին հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ճյուղի արտադրանքը կազմել է 291 մլրդ 739.0 մլն դրամ և 2019-ի նույն ամսվա ցուցանիշը գերազանցել 16.7%-ով, 2020-ի սեպտեմբերին արտադրությունը վերոնշյալ ոլորտում հասել է 40 մլրդ 744.7 մլն դրամի՝ նախորդ սեպտեմբերի համեմատ աճելով 12.8 %-ով, այս տարվա օգոստոսի համեմատ՝ նվազելով 2%-ով։
Մշակող արդյունաբերությունը 2020-ի հունվար-սեպտեմբերին տվել է 936 մլրդ 360.2 մլն դրամի արտադրանք՝ 2.7%-ով պակաս, քան 2019-ի նույն ամիսներին, այս տարվա սեպտեմբերին այդ ոլորտում թողարկվել է 127 մլրդ 761.8 մլն դրամի արտադրանք՝ 2019-ի նույն ամսվա ցուցանիշից 0. 3%-ով ավելի, և 2020-ի օգոստոսի ցուցանիշից 2.4%-ով պակաս։
Այս տարվա առաջին երեք եռամսյակներում էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտում թողարկվել է 188 մլրդ 818.8 մլն դրամի արտադրանք. աճը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կազմել է 0.4%: 2020 սեպտեմբերին ոլորտի արտադրանքը կազմել է 19 մլրդ 854.8 մլն դոլար և 2019-ի սեպտեմբերի համեմատ նվազել 5.5%-ով, իսկ 2020 օգոստոսի համեմատ՝ 10,7%-ով։
Ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման ոլորտը 2020-ի առաջին ինն ամիսներին տվել է 16 մլրդ 93.3 դրամի արտադրանք կամ նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշից 16.2 %-ով պակաս, այս տարվա սեպտեմբերին ոլորտում գրանցվել է 1 մլրդ 962.1 դրամի արտադրանք, որի ծավալը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել է 7,1 տոկոսով, իսկ ընթացիկ տարվա օգոստոսի համեմատ՝ 4.9 տոկոսով։