Մի Երգի Պատմութիւն – 60 —
ԱՆԱՀԻՏ ԿՕՇԿԱՐԵԱՆ
«Զարթօնք»ի Աշխատակից
1973 թուականին Պոպ Տիլանը (Bob Dylan) նկարահանւում էր «Pat Garrett and Billy the Kid» շարժանկարում։ Դա նրա առաջին դերասանական բեմելն էր։ Նկարահանումներին զուգահեռ, ի թիւս մի շարէ երգերի, նա նաեւ գրեց «Knockin’ on heaven’s door» երգը, որը պէտք է հնչեր ոստիկանապետ Քոլին Պէյքըրի (Colin Baker) մահուան տեսարանում։ Երգը կարծես թէ նկարագրում էր մահացող մարդու զգացումները կեանքի վերջին րոպէներին (Knockin’ on heaven’s door- Բախելով երկնքնի դռները )։
Բացի ֆիլմում հնչելուց, երգը մտաւ նաեւ համանուն վերնագրով հաւաքածուի մէջ։ Այս երգը տարբերւում էր հաւաքածուի մնացեալ բոլոր երգերից, որոնք ունէին գործիքային ծանր հնչողութիւն։ Անշուշտ այստեղ տեղ գտած երգի բնագիրը կրել էր փոքր-ինչ փոփոխութիւն եւ տարբերւում էր շարժանկարում հնչած տարբերակից։
Երգի ցուցաբերած լաւագոյն արդիւնքն եղաւ Billboard Hot 100 հիթշքերթի 12-րդ հորիզոնականը։ Տարիներ անց այն մտաւ նաեւ Rolling Stone ամսագրի «Բոլոր ժամանակների 500 մեծագոյն երգերի» շարքի մէջ։
Երգը մեծ թուով վերակատարումներ ունեցաւ։ Այն երգեցին այնպիսի երգիչներ , ինչպիսիք են Ռոճըր Ուոթերսը (Roger Waters), Էրիք Քլեփթոնը (Eric Clapton), U2 խումբը , Ավրիլ Լավինը (Avril Lavigne), Պոն Ճովին (Bon Jovi) եւ այլոք, բայց ամենայայտնի կատարումներից մէկը Guns N’ Roses խմբի երգած տարբերակն է։
1996 թուականին Սքոթլէնտի Տանպլէյն (Dunblane) քաղաքում 43-ամեայ տղամարդը դպրոցում սպանեց 16 աշակերտների՝ իրենց ուսուցչի հետ եւ եւս 16-ին հրազէնային վէրք հասցրեց։ Պոպ Տիլանը պաշտօնապէս թոյլատրեց սքոթլանտացի երգիչ Թետ Քրիսթոֆերին (Ted Christopher) , մէկ քառեակ եւս աւելացնել երգին, որը զոհերի յիշատակին էր նուիրուած։ Մեծ Բրիտանիայում Քրիսթոֆերի երգած տարբերակը բարձրացաւ բրիտանական հիթ-շքերթի 1-ին հորիզոնական։
1997 թուականին էքրաններ բարձրացաւ գերմանական շարժանկար, որն իր անունը ստացաւ Տիլանի երգի պատուին: Շարժանկարը վերջին յոյսի, վերջին ցանկութեան ի կատար ածելու մասին է, եւ այն մասին, որ անկախ նրանից, թէ մարդն օրինապաշտ եւ ազնիւ կեանքով ապրի , թէ յանցագործ սրիկայ լինի, միեւնոյն է մահուան շեմին բոլորն են անպաշտպան ու մերկ հոգով կանգնում մահուան դատավճռի առաջ։
Ես զգում եմ ՝ ինչպէս եմ թակում երկնքի դռները․․․