Բերդաքաղաք Շուշիում ավերածությունները շատ են, բայց քաղաքը դիմանում է թշնամու հարվածներին: Ինչպես հայտնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը, Շուշին շարունակում է մնալ թշնամական կողմի անհասանելի երազանքը։
«Թեպետ քաղաքում ավերածությունները բազմաթիվ են, բայց բերդաքաղաքը դիմանում է թշնամու հարվածներին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշում են ծառայությունից։
Նոյեմբերի 7-ի լույս 8-ի գիշերն անհանգիստ ու լարված է եղել հատկապես Ստեփանակերտում։ Արցախի մայրաքաղաքը պարբերաբար ենթարկվել է հրթիռակոծության։ Հեռահար հրթիռների 8 հարված է հասցվել քաղաքի բազմաբնակարան շենքերի, բնակելի թաղամասերի, հանրային նշանակության օբյեկտների և քաղաքացիական այլ ենթակառուցվածքների ուղղությամբ։ Նախնական տվյալներով տուժածներ չկան։ Մյուս բնակավայրերում պահպանվել է հարաբերական հանգիստը: