Արցախի մշակութային մայրաքաղաք, բերդաքաղաք Շուշիում մարտերը շարունակվում են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Շուշիում մարտերը շարունակվում են, սպասեք ու հավատացեք մեր զորքին»,-նշել է Հովհաննիսյանը:
Արցախի ՊԲ հաղորդագրության համաձայն՝ ճակատային գծի բոլոր ուղղություններում նոյեմբերի 7-ին և լույս 8-ի գիշերը փոփոխական ինտենսիվությամբ մարտերը շարունակվել են: Առավել համառ գործողություններ են ծավալվել Շուշիի մերձակայքում և հարավարևելյան հատվածում: ՊԲ ստորաբաժանումները թշնամուն հասցրել են թիրախային հարվածներ` ետ մղելով առաջխաղացման բազմակի փորձերը: Տարբեր ուղղություններում ծավալված մարտերի ընթացքում ոչնչացվել է թշնամու մեծաթիվ կենդանի ուժ, 4 տանկ, 20 միավոր այլ զրահատեխնիկա, 11 միավոր ավտոտեխնիկա, 2 ԱԹՍ: Մարտական գործողություններին զուգահեռ հակառակորդը հրթիռահրետանային համակարգերով թիրախավորել է նաև մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ: Լուսադեմին դիտարկվել են հակառակորդի տեխնիկայի և անձնակազմի կուտակումներ ճակատային գծի հարավարևելյան և հյուսիսարևելյան հատվածներում: Բանակային ստորաբաժանումները վերահսկում են օպերատիվ-մարտավարական իրադրությունը և քայլեր են ձեռնարկում կրակային խոցման ուղղությամբ: