Սիրելի՛ հայրենակիցներ,
այս օրհասական օրերին Սփիւռքում եւ Հայրենիքում հայ ժողովրդի հայրենասիրական ոգին ծառս է եղել։
Հերոս հայորդիները կենաց-մահու պայքար են մղում թուրք-ազերի-ահաբեկիչների դէմ՝ յաղթանակի անկոտրում կամքով եւ համազգային օրհնանքով։
Բերդաքաղաք Շուշին դարձել է մեր ազատութեան եւ ազգային արժանապատւութեան պաշտպանութեան սահմանագիծը, հայի մտքի եւ բազկի հզօր ուժի առհաւատչեան։
Կը ցանկանայի, որ մեր սփիւռքահայ եղբայրներն ու քոյրերը իրենց ապրած երկրների հասարակութիւններին իրազեկեն, թէ հայերը ինչպիսի տնտեսական, սոցիալական, մշակութային հետք են թողել Թուրքիայում՝ հազարամեակներ շարունակ ապրելով եւ ստեղծագործելով մեր պատմական Հայրենիքում՝ Արեւմտեան Հայաստանում։
Շատերը տեղեակ չեն, որ թուրքերի լատինատառ այբուբենի հեղինակը, ժամանակակից թուրքերէնի հիմնադիրը Յակոբ Մարթայեանն է՝ ‹‹Թուրքական հանրագիտարանի›› գլխաւոր խորհրդատուն, որ Թուրքիայի ազգային հիմնի՝ Իսթիքլալի հեղինակը Էտկար Մանասն է, որ Օթոմանեան օփերայի թատրոնի հիմնադիրը Տիգրան Չուխաջեանն է, որ առաջին կին ռազմական օդաչու Սապհիա Կէօքչէն՝ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հոգեզաւակը, հայուհի էր, որ Յակոբ Վարդուվեանը 1860-ականներին ստեղծել է թատրոն եւ զբաղուել թուրքական թատրոնի համար մասնագէտներ պատրաստելով։ Թուրքիայում նոյնիսկ չգիտեն, որ Մուսթաֆա Քեմալի ստորագրութեան հեղինակը Յակոբ Վահրամ Չարչիեանն է, իսկ յայտնի խմբավար, երաժշտագէտ Համբարձում Լիմոնճեանը թուրքական երաժշտութեան մէջ նօթաների համակարգի հեղինակն է, որը մինչ օրս էլ կոչւում է նրա անունով ՝ ‹‹Համբարձումի նօթաներ»։
Անգամ թուրքական ծագումնաբանական առաջին բառարանի հեղինակը հայ է՝ Պետրոս Քերեստեճեան։ Իսկ ովքե՞ր են թուրքական ճարտարապետութեան, քաղաքաշինութեան հիմնադիրները, եթէ ոչ հայերը՝ Պալեաննները, Սինանները եւ այլոք։ Ճարտարապետական այնպիսի գլուխգործոցներ, ինչպիսիք Տոլմապահչէ պալատը /45․000քմ/, Սելիմիէնի մզկիթը, որն ընդգրկուած է ԵՈՒՆԵՍՔՕ-ի համաշխարհային ժառանգութեան կազմում, Սուլէյմանէն, Նուսրետիէն, Օրթաքայը եւ 20 սուլթանական պալատներ, մզկիթներ, հայկական եկեղեցիներ, հարիւրաւոր շէնքեր նախագծուել են հայ ճարտարապետների կողմից։ Գրականութեան, արուեստի, կերպարուեստի, քանդակագործութեան, զարդարուեստի, մասնաւորապէս, արծաթագործութեան եւ ոսկերչութեան հիմնական մասնագէտ-վարպետները հայերն են եղել եւ հայերն են՝ մինչ օրս։ Էլ չենք խօսում առողջապահութեան, գիւղատնտեսութեան, առեւտրի ոլորտների մասին։
Իհարկէ, նման հարուստ մշակութային ժառանգութիւն ստեղծած, տաղանդաւոր ազգին ներել եւ հանդուրժել չէին կարող եւ այսօր էլ չեն կարողանում քոչւոր ցեղերն ու նրանց՝ բարբարոսի գործելաոճով ղեկավարները։
Մեր նենգ ու ոխերիմ թշնամին ունակ չէ քաղաքակրթուել, նա թիրախաւորել է քաղաքներ ու գիւղեր, քաղաքացիական բնակչութեանը, ծննդատներ ու մանկան տներ, յուշարձաններ ու եկեղեցիներ եւ ի զորու չէ արարել, ուստի եւ չի կարող գնահատել արժէքներն ու արժէքաւորը։
Սակայն, մարդկային քաղաքակրթութեան գանձարանը հարստացրած Հայ ժողովրդի իւրաքանչիւր զաւակ՝ իրեն կենեդիկօրեն փոխանցուած հզօր ներուժով, Փոքր Մհեր է։
Ուստի, Փոքր Մհերները կը կռեն բաղձալի Յաղթանակ, եւ Հայ ժողովուրդը կը շարունակի ապրել խաղաղ ու ստեղծագործ կեանքով։
ՀՐԱՆՈՒՇ ՅԱԿՈԲԵԱՆ