Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը լուրջ մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Մի-24 ուղղաթիռի խոցման կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:
Կազմակերպության մամուլի քարտուղարն ափսոսանք է հայտնել, որ ԼՂ հակամարտության սրումը հանգեցրել է տխուր հետևանքների:
«Հայտնում ենք մեր լուրջ մտահոգությունը տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, հայտնում ենք մեր ցավակցությունը զոհվածների հարազատներին ու մտերիմներին: Սպասենք հետաքննության արդյունքներին, որտեղից է արձակվել կրակոցը»,- ասել է Զայնետդինովը:
Ադրբեջանական կողմը խոստովանել է իր զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության օդային սուվերեն տարածքում ՀՀ դաշնակից Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժերի ուղղաթիռը խոցելու փաստը՝ նշելով, որ «այն պատահականության արդյունք է և ուղղված չէր ռուսական կողմի դեմ»: Ադրբեջանը ներողություն է խնդրել ռուսական կողմից ու հայտնել, թե պատրաստ է փոխհատուցում տրամադրել:
Նոյեմբերի 9-ին ռուսական 102-րդ ռազմական բազայի ավտոշարասյանն ուղեկցող Ми-24 ուղղաթիռը գետնից ենթարկվել է շարժական զենիթահրթիռային համակարգի կրակային ազդեցության Հայաստանի օդային տարածքում՝ Երասխ բնակավայրի մոտակայքում, Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմանին մոտ: Խոցվելու հետևանքով ուղղաթիռը կորցրել է կառավարումը և ընկել է Հայաստանի տարածքում լեռնային տեղանքում:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել է, որ հայկական կողմը ռուսական կողմին կտրամադրի անհրաժեշտ ողջ աջակցությունը ռուսական օդատիեզերական ուժերի ուղղաթիռի վթարի հանգամանքները պարզելու հարցում: