Ն.Ս.Օ.Տ.Տ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն ուղերձ է հղել հայ ժողովրդին:
«Արմենպրես»—ի հաղորդմամբ, Ամենայն Հայոց կաթողիկոսն իր ուղերձում նշել է, որ մեր պահվածքը երբեք չպետք է վտանգի առաջնագծում խրամատների մեջ իրենց սրբազան ծառայությունը քաջությամբ շարունակող զինվորների կյանքը:
«Արցախյան հակամարտության հանգուցալուծման առնչությամբ վերջին ժամերին մեր Հայրենիքում տեղ գտնող զարգացումները, կայացված որոշումները փոթորկել են ամենքիս հոգին: Մեր հայացքի առջև են անցնող երեք տասնամյակներին հանուն Արցախի անկախության պայքարած ու տքնած մեր հայորդիները, վերջին քառասունչորս օրերին նահատակությամբ իրենց կյանքը փառավորած սիրելիները, քաջարի արցախահայությունը, առաջնագծում կանգնած ամեն զինվորը:
Աղոթք է մեր սրտում՝ հանուն համազգային մեր խոհեմության և միասնականության: Դարավոր մեր պատմության դասերի գիտակցությամբ և ազգային միաբանության պահպանման անհրաժեշտությամբ կոչ ենք անում պահպանել հանդարտոթյունը և չտրվել մեզ փոթորկող զգացումների անհարկի դրսևորումների, զերծ մնալ բռնություններից ու անկարգություններից: Առկա ճգնաժամը պետք է իր կարգավորումը ստանա Հայաստանի և Արցախի ռազմաքաղաքական ուժերի միասնական ջանքերով:
Սիրելիներս, մեր պահվածքը երբեք չպետք է վտանգի առաջնագծում խրամատների մեջ իրենց սրբազան ծառայությունը քաջությամբ շարունակող զինվորների կյանքը: Թիկունքն այս վիճակում առավել քան երբեևէ պետք է ամուր մնա: Թիկունքում պետք է հաստատուն լինի համերաշխությունն ու կայունությունը, որ կարողանանք միասնաբար լուծումներ, ելքեր գտնել հանուն ժողովրդի անվտանգության:
Կոչ ենք ուղղում Հայաստանի, Արցախի իշխանություններին անհապաղ հիմնավոր և սպառիչ բացատրություններ ներկայացնլ մեր ժողովրդին կայացված որոշումների և հայրենի մեր երկրի ապագայի վրա դրանց ներազդեցության վերաբերյալ: Մենք խոնարհվում ենք հայրենյաց պաշտպանների հաղթական ոգու առջև»,- ասված է կաթողիկոսի ուղերձում: