Նոյեմբերի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահութեամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցաւ Գերագոյն հոգեւոր խորհրդի արտահերթ ժողով։
Ժողովը բացուեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ ԳՀԽ անդամների համատեղ աղօթքով՝ անցնող շաբաթներին Արցախում՝ Թուրքիայի անմիջական մասնակցութեամբ Ադրբեջանի կողմից սանձազերծուած պատերազմի հետեւանքով զոհուած քաջորդիների հոգիների հանգստութեան համար։
Ժողովի օրակարգում ընդգրկուած էին հարցեր՝ արցախեան հակամարտութեան հանգուցալուծման եւ ռազմական գործողութիւնների դադարեցման կապակցութեամբ ստեղծուած իրավիճակի, ինչպէս նաեւ Եկեղեցու եւ եկեղեցականութեան յետագայ անելիքների վերաբերեալ։
Արցախում տիրող կացութեան վերաբերեալ տեղեկութիւններ փոխանցեց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսեանը։
Առկայ պայմաններում Գերագոյն հոգեւոր խորհրդի անդամները կարեւորեցին համազգային միասնութեան, սթափութեան եւ զգաստութեան պահպանումը՝ միեւնոյն ժամանակ դատապարտելով զգայունութիւնների շահարկումները եւ բռնութեան դրսեւորումները։ Անհրաժեշտ նկատուեց, որպէսզի բոլոր կողմերը իրադարձութիւնների գնահատման եւ յետագայ զարգացումների առնչութեամբ զերծ մնան քաղաքացիական բախումներ հրահրող, ապակայունացնող հռետորաբանութիւնից։ Ըստ այդմ էլ՝ ընդգծուեց բարդ այս իրավիճակի կարգաւորման անհրաժեշտութիւնը միմիայն քաղաքական գործընթացներով, իրաւասու եւ կարող ուժերի համընդհանուր ջանքերով։ Այս առումով շեշտուեց նաեւ Հայոց Եկեղեցու կարեւոր առաքելութիւնը՝ ի նպաստ ազգային համերաշխութեան ու փոխըմբռնման մթնոլորտի զօրացման։
Քննարկուեցին զինուորականների, վիրաւոր զինուորների եւ նահատակ մարտիկների ընտանիքների հետ եկեղեցականների հովուական աշխատանքի, Արցախի բնակավայրերից տեղահանուած ընտանիքների կարիքների հոգածութեանը եւ հոգեւոր խնամքի կազմակերպմանն առնչուող խնդիրներ։
Վերջում ժողովականները վերստին իրենց աղօթքը բարձրացրեցին առ Աստուած Արցախ աշխարհի եւ համայն հայութեան անվտանգ եւ ապահով կեանքի համար։