ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման մասին հայտարարության ընդունումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
Անտոնիո Գուտերեշը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված ջանքերի համար:
«Շնորհակալ ենք Ռուսաստանի իշխանություններին միջնորդական ջանքերի համար, — ասել է նա:
Դյուժարիկը հավելել է, որ ՄԱԿ-ը կապի մեջ է ՌԴ ներկայացուցիչների հետ՝ հասկանալու, թե ինչպես կարող է աջակցել համաձայնությանը:
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն են ստորագրել: Այդ հայտարարությունում, ի թիվս, այլ կետերի, նշվում է՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: