Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ արտաքին գերատեսչության լրատվական ծառայությունը:
«Կողմերը քննարկել են Ռուսաստանի Դաշնության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի նոյեմբերի 9-ի ստորագրված հայտարարության դրույթների գործնական իրականացման հետ կապված հարցեր:
Հատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանում հումանիտար բարդ իրավիճակին և դրա հետ կապված խնդիրների լուծմանը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև երկկողմ օրակարգի որոշ արդիական թեմաների: