Սիրելի՛ հաւատացեալներ,
Հայրենիքում ստեղծուած քաղաքական զարգացումները ցաւալի կացութեան առջեւ են կանգնեցրել բոլորիս։ Ցաւն ապրում ենք ազգովի՝ թէ՛ հայրենիքում˒ թէ՛ սփիւռքում։ Դառը իրականութիւնը աւելի է ալեկոծել մեր ժողովրդի կանքի ընթացքը, որը տեւական ժամանակ արդեն խաթարուած էր թշնամու սանձազերծած պատերազմի պատճառով։ Ուշի ուշով հետեւում ենք հայրենիքում ընթացող զարգացումներին, ուր հարկի եւ անհարկի գործերն ու խօսքերը, դժբախտաբար, հեռու են համազգային նպատակներ հետապնդող քայլերից։ Ուստի, Արեւմտեան թեմի առաջնորդութիւնը, հոգեւոր դասը եւ պատկան մարմինները կոչով դիմում են ձեզ՝ բոլորիս հրաւիրելով ողջախոհութեան, միասնականութեան եւ համերաշխութեան։ Այո՛, այսօր, առաւել քան երբեւէ, մեր միասնականութիւնն ու համերաշխութիւնը, ազգային երազների իրականացման համար մէկտեղուած մեր ջանքերը միայն կարող են առաջնորդել մեզ դէպի նոր ապագայ՝ սերունդներին պարգեւելով խաղաղ եւ ապահով հայրենիք։ Հիշենք˒ վեցշաբաթեայ պատերազմի ընթացքում մեր միասնութեան մասին, ինչի շնորհիւ կարողացանք տարբեր ճակատներում «կռուել» եւ օգտակար լինել հայրենիքին թէ՛ նիւթապէս, թէ՛ բարոյապէս:
Սիրելի՛ եղբայրներ եւ քոյրեր, պիտի գիտակցենք, որ պատերազմը բնաւ էլ չի աւարտուել։ Ունենք այսօր նոր մարտահրաւէր, որի դէմ պիտի պայքարենք մեր միասնականութեամբ եւ համերաշխութեամբ, որպէսզի կարողանանք, մեր ուժերի չափով, սատարել մեր հայրենիքին ու մեր ժողովրդին:
Մենք շարունակելու ենք աղօթել եւ խնկարկել մեր քաջարի նահատակ զաւակների հոգիների խաղաղութեան համար։ Մեր գութն ու կարեկցանքը գործի վերածելով՝ ձեռք պիտի մեկնենք նրանց ընտանիքներին՝ սփոփելով նրանց ցաւն ու վիշտը։ Խոնարհւում ենք այն բոլոր զինուորների առջեւ, որոնք անկոտրուն հաւատքով մինչեւ վերջ կռուեցին՝ յաղթելով մահը, եւ ապրելով անմահութեան մէջ։ Նրանք մեր պատմութիւնը զարդարեցին հերոսական նոր էջերով:
Իւրաքանչիւրիս պարտքն է ուշադրութեան կենտրոնում պահել նաեւ մեր վիրաւոր զինուորներին. դաժան պատերազմը նրանցից շատերին դարձրել է հաշմանդամներ, ինչը ենթադրում է վիրաբուժական բարդ միջամտութիւններ եւ երկարատեւ բուժման ընթացք: Մենք պարտաւո՛ր ենք օգնել իրենց կեանքը յանուն մեզ զոհասեղանին դրած հերոս տղաներին:
Սիրելիներ, եւս մէկ անգամ, կոչով դիմում ենք ձեզ, համախմբուել եւ միաբանուել մեր հայրենիքի ապագան կերտող ազգօգուտ աշխատանքների շուրջ։ Զերծ մնանք անհարկի շահարկումներից, որոնք խաթարելու եւ շեղելու են մեզ դարաւոր մեր արժէքներից եւ մեր երազներից։ Ձեռք ձեռքի տուած ընթանանք դէպի այսօրուայ հայրենիքի հզորացման եւ կայունացման սրբազան առաքելութեանը։ Մենք վստահում եւ ապաւինում ենք մեր ժողովրդի ողջախոհ մտքին եւ նրանից ծնուած ազգօգուտ ծրագրերի հաւաքական յաջողութեանը:
Ի Դիմաց Թեմական Խորհրդի եւ
Հոգեւոր Դասի՝
Մնամք Աղօթարար
Յովնան Արք․ ՏԷրտէրեան
Առաջնորդ Արեւմտեան Թեմի