ՔՐԻՍԹԻՆԱ ԱՂԱԼԱՐԵԱՆ
Գիտակցելով Հայ ժողովուրդի մեծ կորուստն ու ահաւոր ցաւը, հիմնուելով ազատ խօսքի եւ բազմակարծութեան մեր դաւանանքին վրայ եւ հասկնալով հայրենի մեր աշխատակցուհիին զգացական ապրումները ի տես այն ահաւոր բանին, որ պատահեցաւ մեր ժողովուրդին, ցաւակցելով իրեն եւ մեր հայրենակորոյս մեր ժողովուրդին բոլոր զաւակներուն, հետեւեալ տողերով տեղ կու տանք իր հասկանալի պոռթկումին:
Խմբ.
Լուսաբացերն այլեւս խաղաղ չեն․․․ 44 օր աշխարհի չորս կողմում բնակուող հայերը քնեցին ու արթնացան մէկ երազանքով ու յոյսով՝ չկորցնել Արցախը, չկորցնել մայր հայրենիքի կարեւորագոյն հատուածը, յաղթել ազրպէյճանաթուրքական ուժերին, միջազգային ահաբեկիչներին։ 44 օր մենք հաւատացել ենք, որ յաղթում ենք 5-րդ սերնդի պատերազմում, ՆԱԹՕ-ի ամենահզօր բանակին։ Մեզ յամենայն դէպս այդպէս էին կերակրում։ Աւաղ․․․ Մենք առաջին հերթին պարտուեցինք տեղեկատուական դաշտում, դիւանագիտական, բայց ոչ երբեք՝ ռազմի։ 18-20 տարեկան տղաների կեանքերի գնով 44 օր պահեցինք պատմական հայրենիքի հողերը։ 18-20 տարեկան տղաներն ամեն ինչ արեցին, տուեցին իրենց կեանքը յանուն մեր կեանքի։ Նրանք տուեցին իրենց կեանքը, որպէսզի օրուայ իշխանութիւնները գաղտնի, մէկ գիշերում ստորագրէին Արցախի անձնատուութեան յայտարարութեան (capitulation) խայտառակ փաստաթուղթը։ Արցախի մօտ 12 հազար քառակուսի քիլոմեթր տարածքից թողնելով մօտ 3 հազարը։ Հիմա կ՛ասէք՝ տղաներն անիմաստ զոհուեցին։ Կ՛ասեմ՝ ոչ։ Նրանք անիմաստ չզոհուեցին, մենք ենք այլեւս անիմաստ ապրում։ Նոյեմբերի 9-ի ուշ երեկոյեան, երբ յայտնի դարձաւ այդ ազգադաւ պայմանագրի մասին, լուսաբացերը այլեւս խաղաղ չեն։ Գիշերներն անքուն են։ Մենք կորցրեցինք հայրենիք։ Մենք կորցրեցինք մեր արժէքները։ Ռուս-թուրքական հերթական պայմանաւորուածութեան արդիւնքում մենք մեր հայրենիքից մեծ ու կարեւոր կտոր զիջեցինք թուրքին ու ռուսին։ Մեղաւորների մասին այս պահին խօսել չեմ ուզում, քանզի զինուորին ու ազգին դաւաճանեցին բոլորը՝ ազգի ընտրեալ վարչապետը, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը, հերոսի անուան տակ ապրող գեներալները, զինուորականները, ովքեր չգիտես ինչու եւ յանուն ինչի դաւաճանեցին սեփական հողը։ Բայց ոչ երբեք զինուորը։ Զինուորն արեց անհնարինը։ Բայց մեզ 44 օր կերակրում էին, թէ մենք յաղթում ենք մի քանի պետութեան դէմ կենաց մահու պայքարում։ Դէ բնականաբար, առանց կռուին հողեր յանձնել, իշխանութիւնները չէին ցանկանում։ Հապա պաշտօնն ու աթոռը․․․ Այո, մենք յաղթեցինք, մեր զինուորը յաղթեց, կռուեց ու նահատակուեց՝ չտեսնելով այս ամօթալի պայմանագիրը։ Լուսաբացերն այլեւս խաղաղ չեն Հայաստան ու Արցախ աշխարհում։ Այս խոհերը գրում եմ լուսաբացին, երբ ծանր գիշերուանից յետոյ, մի քանի ժամ քնելուց յետոյ արթնանում ես այն յոյսով, որ սա վատ երազ է, կ՛անցնի։ Բայց ոչ։ Երազ չէ։ Դառը իրականութիւնն է։ Ինչքան մարդ մնաց անտուն, անհայրենիք, ինչքան զաւակ մնաց անհայր, ինչքան մայր մնաց որդու կարօտով, ինչքան սէր ու երազանք մնաց կիսատ։ Եւ այս ամենը ապաշնորհ արտաքին քաղաքականութեան պատճառով, փառասիրութեան բաւարարման համար, սեփական ես-ի չսեւացման համար։ Մենք մեր ձեռքով մեր հայրենիքը նուիրեցինք ռուսին ու թուրքին, հերթական անգամ դարձանք ռուս-թուրքական խաղի զոհը։ Եւ դեռ Արցախի նախագահը մեղադրում է ազգին փախնելու ու չկռուելու մէջ։ Դեռ կ՛երեւայ՝ ինչ ազգադաւ ծրագրով յանձնեցին Շուշին, որից յետոյ միայն հնարաւոր կը լինէր այս խայտառակ թուղթը ստորագրել։ Դեռ կը բացայայտուեն այս դաւադրութեան մանրամասները, այդժամ ազգը չի ների իր դաւաճաններին։ Հիմա դեռ տաք ենք, չենք հասկանում իրավիճակի պերճանքն ու թշուառութիւնը։ Այնժամ, երբ Շուշիի ճերմակազարդ գեղեցկուհին կ՛ենթարկուի կողոպուտի, երբ ամեն առաւօտ կը լսուի թուրքական մուղամ եւ կը ծածանուի թուրքի դրօշը, այդժամ կը հասկանանք՝ քաղաքական կեղտոտ խաղերի արդիւնքում ինչ կորցրեցինք։ Ժամանակին Արցախի հերոս Բեկորն ասել է՝ եթէ Ղարաբաղը կործանուի, ապա միայն քաղաքական խաղերի պատճառով է կործանուելու։ Ղարաբաղը կործանուեց, բայց ոչ ոք պատասխանատուութիւն չի ստանձնում դրա համար։ Պատմութիւնը չի ների դաւաճաններին, եթէ անգամ այսօր խելակորոյս ամբոխը ների այդ խայտառակ անձնատուութիւնը ստորագրողներին․․․ Լուսաբացերն այլեւս խաղաղ չեն լինի․․․․