ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է իր նստավայրի դիմաց հավաքված հադրութցիներից մի քանիսին, լսել նրանց, խոստացել տեղահանված հադրութցիների խնդիրները լուծելու համատեքստում աջակցել հումանիտար ծրագրերով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագահի նստավայրի առջև հավաքված՝ «Հադրութի դեօկուպացիա» ակցիայի մասնակիցները նաև նամակ են փոխանցել Արմեն Սարգսյանին:
Նամակում նրանք շեշտել են, որ Հադրութի շրջանը ձևավորման օրվանից եղել է հայկական տարածք, և մշտապես բնակեցված է եղել հայերով: Մինչդեռ այսօր հայկական պատմական շրջանը օկուպացվել է Ադրբեջանի կողմից՝ սպառնալով տեղի բնակչության և պատմական մշակութային ժառանգության հետագա գոյությունը:
Հադրութցիներն իրենց պահանջը նամակում ձևակերպել են 4 կետով:
Ակցիայի մասնակից Մերի Դավթյանը նշեց, որ առաջին կետով առաջարկում են քննության առնել Արցախի Հադրութի շրջանի դեօկուպացիան, երկրորդ կետով՝ անպայման գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի Հադրութի խնդիրը և մնացած հարակից բոլոր խնդիրները ներառվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային օրակարգ՝ նշելով, որ խնդրի լուծումը պետք է լինի անպայման բոլոր համանախագահողների մասնակցությամբ: «Երրորդ կետով մենք պահանջում ենք իրավական հարթություն տեղափոխել մեր՝ Հադրութից տեղահանվածներիս խնդիրը, որպեսզի կարողանան նաև փոխհատուցման հարց լուծել: Չորրորդ կետով պահանջում ենք մինչ այս ամենը անպայման ձեռնարկել հնարավոր միջոցները, որ Հադրութի պատմամշակութային արժեք ունեցող հուշարձանները պահպանվեն բոլոր հնարավոր միջոցներով»,- ասաց նա:
Նախագահի նստավայրի դիմաց հավաքված հադրութցիներից մի քանիսին նաև ընդունեց ու լսեց նախագահ Արմեն Սարգսյանը: Հանդիպումից հետ քաղաքացիները հայտնեցին, որ նախագահը, բնականաբար, կիսել է իրենց ցավն ու մտահոգությունը, հասկանում է Հադրութի խնդիրն ու պահանջը, բայց նաև պետք է գիտակցել, որ առկա իրողությունների պայմաններում մանրաքայլերով կարելի է ինչ-որ փոփոխություն մտցնել իրավիճակում: «Նախագահը խոստացավ նախևառաջ հումանիտար ծրագրերով օժանդակել տեղահանված հադրութցիների խնդիրները լուծելու համատեքստում: Նաև ասաց, որ անպայման միջազգային կառույցներում կներկայացնեն Հադրութի պատմամշակութային հուշարձանները, ժառանգությունը պահպանելու խնդիրները: Նա ասաց, որ մեզ երկար ճանապարհ է սպասվում, և պատրաստ է համատեղ լուծել խնդիրները»,- ասաց Մերի Դավթյանը:
Նրա խոսքով՝ հիմնականում աջակցության շուրջ են խոսել: Հադրութցիները նախագահի առաջարկով իրենց կենցաղային, սոցիալական խնդիրները պետք է արագ ցուցակագրեն ու ներկայացնեն, որ շատ արագ լուծումներ տրվեն դրանց: