«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք մեր սահմանները» դրամահավաքի շրջանակներում հանգանակված գումարի մի մասը նվիրաբերվել է ՀՀ կառավարությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում հայտնեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Մանուկյանի հարցին:
«Հիմնադրամի միջոցների մի մասը դեռևս ծախսված չէ, մի մասը նվիրաբերվել է ՀՀ կառավարությանը: Այս իրավիճակում և, մասնավորապես, սկզբնական ընթացքում մենք ճիշտ համարեցինք կոնսոլիդացնել մեր ջանքերն ու ծախսային նախապատվությունները որոշել մեկ կենտրոնում, որովհետև բոլորիս համար հասկանալի է, որ անցած 45 օրերի ընթացքում ծախսերի նախապատվությունը որոշելն ամենակարևոր հարցն էր: Ըստ այդմ` առողջապահական, սոցիալական և ենթակառուցվածքային բնույթի ծախսերը մենք որոշեցինք քննարկել միասին ու իրականացնել համագործակցելով, որպեսզի դրանք լինեն արդյունավետ»,- ասաց Գրիգորյանը:
Փոխվարչապետը հավելեց, որ հիմնադրամը մոտ ժամանակներս մանրամասն կներկայացնի ծախսերի ուղղությունները:
Արցախին աջակցելու նպատակով սեպտեմբերի 27-ից «Հայաստան» համահայկական հիմնադրամը իրականացնում է «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաք-արշավը, որի շրջանակում հավաքագրվել է 169,695,386.94 մլն ԱՄՆ դոլար: