Առաջնագծի այն հատվածներում, որտեղ եղել են կանոնավոր զորքեր, այդտեղ կամ նահանջներ չեն եղել, կամ եղել են քիչ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության արդեն նախկին պետ, ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը, գրում է news.am-ը:
Նրա խոսքով՝ այսօր պատերազմից վերադարձած շատ մարդիկ հարցազրույցներ են տալիս, որը իրենց չի վերաբերվում, մասնավորապես, երբ զինվորը սկսում է քննարկել ԳՇ պետի որոշումները:
«Պատերազմի դաշտում զինվորը սնվում է պատերազմ վարելուն զուգահեռ՝ մի ձեռքի զենքը, մյուսում հացը, իսկ լուսանկարները, որ գետնին հանգիստ նստած սնվում են, դա խորքում է: Իրար գլխի հավաքված սննդի կազմակերպումը նաեւ հանցագործություն է, որովհետեւ բոլորին հրահանգված է, որ 2-3 հոգուց ավելի չպետք է մի տեղ կուտակվեն, որովհետեւ մեր հնարավորությունը օդում լուրջ պրոբլեմատիկ է եղել:
Մենք այս օրին հասանք նաեւ այն պատճառով, որ լրագրողները հարցազրույցների են հրավիրում մարդկանց, որոնք բանակում չեն ծառայել, բանակի կառուցվածքի եւ այլնի մասին պատկերացում չունեն, սակայն բանակի բարեփոխման առաջարկներ են անում: Բանակը հաղթելու արվեստ է սովորեցնում, ոչ թե սնվելու կամ լավ ապրելու»,-ընդգծեց նա՝ հավելելով, որ հաղթելու համար գիտելիք եւ ունակություն է պետք, հնարավոր չէ 20 հոգով ջոկատ կազմել ու գնալ հաղթել: