Կյանքի 61-րդ տարում ի Տեր է ննջել Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը:
«Խորը ցավով հայտնում ենք, որ նոյեմբերի 19-ի առավոտյան կորոնավիրուսի պատճառով վախճանվել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբաններից Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը խորապես սգում են լուսահոգի Սեպուհ Սրբազանի անժամանակ մահը: Սրբազան Հոր վախճանը մեծ կորուստ է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, Գուգարաց թեմի և նրա հավատավոր զավակների համար: Սրբազան Հոր հուղարկավորության հետ առնչված անհրաժեշտ տեղեկությունները կհաղորդվեն առաջիկային: Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի»,- գրել է Վահրամ քահանա Մելիքյանը:
Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը ծնվել է 1959 թ. մարտի 24-ին Թուրքիայի Մալաթիա քաղաքում: Նախնական կրթությունը ստացել է Կ. Պոլսի Ներսիսյան վարժարանում: 1969 թ. ընտանիքով հայրենադարձվել է Հայաստան և բնակություն հաստատել Գյումրի քաղաքում, որտեղ շարունակել և ավարտել է միջնակարգ կրթությունը: 1978 թ. ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հոգևոր ճեմարան: 1979 թ. զորակոչվել է խորհրդային բանակ և զորացրվելուց հետո ուսումը շարունակել Հոգևոր ճեմարանում:
1985 թ. դեկտեմբերին սարկավագ է ձեռնադրվել՝ ձեռամբ Մայր Աթոռի Լուսարարապետ Տ. Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանի: 1986 թ. մարտին պաշտպանել է ավարտաճառ՝ «Ղուկաս Խարբերդցու թարգմանչական գործունեությունը» թեմայով: Հոգևոր ճեմարանն ավարտելուց հետո, Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ծառայության է անցել Վեհարանում` որպես ընդունարանի քարտուղար: 1987 թ. հունիսի 7-ին` Հոգեգալստյան տոնին, ձեռամբ Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի, ձեռնադրվել է կուսակրոն քահանա՝ շարունակելով ծառայությունը Վեհարանում: 1987 թ. սեպտեմբերին Վազգեն Ա. Վեհափառ Հայրապետի կարգադրությամբ նշանակվել է Հոգևոր ճեմարանի վերակացու և ապա փոխտեսուչ: 1989 թ. նոյեմբերին պաշտպանել է վարդապետական թեզ՝ «Պահքը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում» թեմայով:
1990 թ. Վազգեն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից նշանակվել է Շվեյցարիայի Ժնև քաղաքի հայ համայնքի հոգևոր հովիվ: 1991 թ. հրավիրվել է Մայր Աթոռ և նշանակվել Շիրակի թեմի փոխառաջնորդ:
1995 թ. հունիսից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հրավիրվել է Մայր Աթոռ և զբաղեցրել Մայր Աթոռի պահեստային տնտեսության գույքագրման հանձնաժողովի նախագահի և տնտեսական ու շինարարական գործերով կաթողիկոսի խորհրդականի պաշտոնը: 1996 թ. ընդգրկվել է Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովում որպես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչ: 1996 թ. նշանակվել է ՀՀ և Հայոց Եկեղեցու հարաբերությունների խմբում` պետության կողմից Մայր Աթոռին կալվածքների վերադարձման հանձնախմբի նախագահ:
1996 թ. հունիսի 3-ին Գարեգին Ա. Կաթողիկոսի Հայրապետական սրբատառ կոնդակով նշանակվել է Գուգարաց թեմի առաջնորդ: 1997 թ. հունիսի 15-ին` ձեռամբ Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ձեռնադրվել և օծվել է եպիսկոպոս: 2000 թ. մարտի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից նշանակվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնադրության հանձնախմբի անդամ: 2000 թ. նոյեմբերին նշանակվել է Գերագույն հոգևոր խորհրդի անդամ: 2000 թ. նշանակվել է 1700-ամյակի տոնակատարությունների գործադիր վարչության անդամ:
2012 թ. մայիսի 17-ին Գարեգին Բ. Հայրապետի սրբատառ կոնդակով Սեպուհ Սրբազանին շնորհվել է «Արքության» պատիվ քահանայագործության 25-ամյակի և առաջնորդության 15-ամյակի առթիվ: Սրբազան Հայրը հոգևոր սպասավորության ընթացքում արժանացել է բազում կոչումների և պարգևների։