Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 20-ին հեռախոսազրույց է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեի հետ, որի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում պատմամշակութային օբյեկտների պահպանության և պաշտպանության հարցը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին մամուլի հաղորդագրություն է տարածել ՌԴ ԱԳՆ-ն:
«Առանձին ուշադրություն է դարձվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներուժի օգտագործման հնարավորություններին ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հումանիտար իրավիճակի կարգավորմանը նպաստելու համար, մասնավորապես ՝ ռազմական գործողություններից և վանդալիզմից տուժած մշակութային հուշարձանների և կրոնական օբյեկտների պաշտպանության և պահպանության, ինչպես նաև տարածաշրջանում կրթական համակարգի վերականգնման հարցը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն հայտարարել էր, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային օբյեկտների պահպանման հարցում և նախատեսում է այնտեղ ուղարկել մասնագետների խումբ: