ՔՐԻՍԹԻՆԱ ԱՂԱԼԱՐԵԱՆ
Նոյեմբերի 10-ին ստորագրուած եռակողմ՝ Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան, չարաբաստիկ պայմանագրի ստորագրումից յետոյ ՀՀ քաղաքական դաշտը վերածուել է խառնաշփոթի: Պայմանագրի ստորագրման օրուանից սկսած ընդդիմադիր կուսակցութիւնները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինեանի ու կառավարութեան հրաժարականը: Այդ պահանջով ամեն օր բողոքի ցոյցեր են իրականացւում, որոնք ոչ միշտ են խաղաղ հանգուցալուծւում ստանում: Ընդդիմութեան ղեկավարները գրեթէ ամեն օր հրաւիրւում են ԱԱԾ:
Անցնող մէկ շաբաթուայ ընթացքում եղան հրաժարականի տասնեակ դիմումներ: Հրաժարականներ ներկայացրին ԱԺ պատգամաւորներ, Կառավարութեան անդամներ, բարձրաստիճան զինուորականներ: Մի բան յստակեցնենք՝ հրաժարականը ոչ ոքի չի ազատում պատասխանատուութիւնից: Եւ այսպէս, վերջին մէկ շաբաթում հրաժարականի դիմում են ներկայացրել առանցքային նշանակութիւն ունեցող պաշտօնեայ՝ Արտաքին գործերի նախարար Զոհրապ Մնացականեանը, ԱԺ պատգամաւոր Գայիանէ Աբրահամեանը, իշխանական խմբակցութիւնից դուրս գալու դիմում են գրել պատգամաւորներ Թագուհի Թովմասեանը, Լուսինէ Բադալեանը, փոխվարչապետ Ավինեանի գրասենեակի ղեկավար Վարագ Սիսեռեանը:
Ռազմական ղեկավարութիւնից հեռացուել են ՀՀ Զինուած ուժերի գլխաւոր շտաբի նախկին պետ, այժմ ռազմարդիւնաբերութեան կոմիտէի նախագահ գեներալ–լեյտենանտ Արտակ Դաւթեանը, Ռազմական վերահսկողական ծառայութեան պետ Մովսէս Յակոբեանը: Ի դէպ՝ Յակոբեանը հրաժարականից յետոյ տուած մամուլի ասուլիսի ժամանակ ուշագրաւ դրուագներ ներկայացրեց պատերազմի ընթացքում տեղի ունեցած դէպքերից:
Ընդհուպ այն, ու Նիկոլ Փաշինեանի հրամանով դադարեցուել է բանակի համալրումը զինուորականներով: Գեներալ-լեյտենանտը նաեւ յայտարարեց, որ պատերազմի ողջ ընթացքում Ռուսաստանը զէնք է մատակարարել Հայաստանին, այնինչ մշտապէս յայտարարւում էր, որ ՌԴ-ն որեւէ կերպ ներգրաւուած չէ պատերազմում: Յակոբեանը նաեւ յայտարարեց, որ պատերազմի ընթացքում հայկական կողմը կիրառել է «Իսքանտար» տեսակի զէնք, որն Արցախի հանրապետութեան զինանոցում չկայ: Այս յայտարարութիւններով զբաղւում է Յատուկ քննչակական ծառայութիւնը: Յակոբեանի յայտարարութիւնից մէկ օր անց հրաժարական ներկայացրեց ՀՀ պաշտպանութեան նախարար Դաւիթ Տոնոյեանը: Նոր նախարար է նշանակուել 1999-2000 թուականներին պաշտպանութեան նախարար աշխատած Վաղարշակ Յարութիւնեանը: Իրար հետեւից հրաժարականներ են ներկայացնում նախարարներ, փոխնախարարներ, Նիկոլ Փաշինեանի, այսպէս կոչուած, թիմակիցներ: Իհարկէ, դա չի ազատում պատասխանատուութիւնից, սակայն չպէտք է բացառել նաեւ, որ նրանց մէջ կարող են լինել մարդիկ, ովքեր չեն ցանկանում թէ՛ քաղաքական, թէ՛ աշխատանքային որեւէ յարաբերութիւն ունենալ Փաշինեանի ու իր քաղաքական թիմի հետ, ով ըստ էութեան յանձնեց Արցախն ու վտանգի տակ դրեց Հայաստանի անվտանգութիւնն ու փխրուն խաղաղութիւնը։ Ինչեւէ, մայր Հայաստանն ու Արցախի մնացած փոքրիկ հատուածը դժուարին ու ծանր օրեր են ապրում։ Ժողովուրդը բաժանուել է երկու մասի՝ հող յանձնող կառավարութեան կողմնակիցներ եւ եռակողմ պայմանագիրը դաւաճանութիւն որակողներ։ Իհարկէ, կան նաեւ մարդիկ, ովքեր մինչեւ հիմա չեն հասկանում կատարուածի լրջութիւնը։ Անկախ քաղաքական կողմնորոշումներից, այս իրավիճակում Հայաստանին կարող է փրկել միայն միասնականութիւնը, հակառակ պարագայում իրապէս կասկածի տակ կարող է դրուել հայրենիք ունենալու հարցը։