Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որով հայտնում է, որ վերջին օրերին համացանցում բավականին լայն տարածում են գտել գերեվարված զինվորների և քաղաքացիական անձանց վերաբերյալ տեսանյութեր, որոնք ունեն անհայտ ծագում, և ստացված տվյալների համաձայն, շատ դեպքերում որևէ կապ չունեն Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետ: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությունը:
«Օտարերկրյա տարբեր պետություններում նկարահանված, հաճախ նաև միտումնավոր կերպով մոնտաժված այդ կադրերի տարածումը հասկանալի պատճառներով խուճապ է ստեղծում հայ հանրության շրջանում՝ բացասաբար անդրադառնալով հասարակական տրամադրությունների վրա:
Հաշվի առնելով նմանատիպ երևույթների առկայությունը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է զերծ մնալ համացանցում նմանօրինակ տեսանյութերի տարածումից ու այս ասպարեզում ևս բացառապես առաջնորդվել պաշտոնական տեղեկատվական աղբյուրների կողմից տրամադրվող տեղեկություններով»,- ասված է հաղորդագրության մեջ: