Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը կտրականապես հերքում է տարածված լուրերը, թե ադրբեջանական բանակը Սոթքի ոսկու հանքավայր է մտել: Մանե Գևորգյանն այս մասին ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում:
«Շրջանառվող տեղեկությունները որևէ կապ չունեն իրականության հետ»,- նշեց կառավարության ղեկավարի մամուլի քարտուղարը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը ևս հերքել է շրջանառվող լուրերը. «Տարբեր լրատվամիջոցներով շրջանառվող լուրերը, թե ադրբեջանցի զինվորականներ են ներխուժել Սոթքի ոսկու հանքավայր և աշխատակիցներից պահանջել ազատել տարածքը` չեն համապատասխանում իրականությանը»,- ասված է պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվել, որ ադրբեջանական բանակը մտել է՝ Սոթքի հանքավայրի տարածք և աշխատակիցներին մեկ ժամ ժամանակ է տվել դուրս գալու համար: