Լեռնային Ղարաբաղում գտնվող Ռուսաստանի պաշտպանության նախարարության մարդասիրական ականազերծման կենտրոնի մասնագետները Ստեփանակերտ քաղաքի հարավային մասի ավելի քան 1,5 կմ երկարությամբ ճանապարհահատվածը մաքրել են պայթունավտանգ առարկաներից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ՊՆ-ի կայքէջը:
«Մեկ օրում հայտնաբերվել է 87 պայթյունավտանգ առարկա, որոնք դուրս են բերվել հատուկ տարածք և ոչնչացվել:
Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության ընթացքում ինժեներական ստորաբաժանումների կողմից ականազերծվել է ավելի քան 2 հեկտար տարածք և շուրջ 3 կիլոմետր ճանապարհ, հայտնաբերվել և վնասազերծվել է 144 պայթյունավտանգ առարկա»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրամանագրով Լեռնային Ղարաբաղում տեղակայվել են ռուս խաղաղապահների զորակազմը: Զորակազմի հիմքը կազմում է Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը։ Խաղաղապահների հրամանատարն է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։