Մինչ այժմ Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերից Արցախ է վերադարձել ավելի քան 55 հազար բնակիչ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը: Նրա խոսքով ռուս խաղաղապահները մինչ այժմ հաշվառել և ուղեկցել են Գորիս-Բերձոր-Ստեփանակերտ ավտոճանապարհով վերադարձած ավելի քան 23-հազար արցախցու:
«Շատերը վերադարձել են մինչ Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի փակվելը՝ սեփական տրանսպորտային միջոցներով: Այստեղ ռուս խաղաղապահներ այդ ժամանակահատվածում չեն եղել: Ուստի վերադարձողների հաշվառում չի իրականացվել»,-մանրամասնել է նախարարը:
Անդրադառնալով վերադարձողներին կացարանով ապահովելու ուղղությամբ իրականացվող աշխատանքերին՝ Ժիրայր Միրզոյանը տեղեկացրեց, որ ներկայումս Ստեփանակերտի հյուրանոցներն ու մյուս հնարավոր կացարանները զբաղեցրած են: Ուստի պետության կողմից այժմ վարձակալվում են գյուղական առանձատներ ու տրամադրվում ադրբեջանական վերահսկողության տակ անցած բնակավայրերի բնակիչներին: Բացի այդ, աշխատանքներ են տարվում այն գյուղական առանձնատների ձեռքբերման ուղղությամբ, որոնց սեփականատերերը փաստացի չեն բնակվում այնտեղ:
«Ինչ վերաբերում է Ստեփանակերտ հրթիռահրետակոծության հետևանքով բնակարան կորցրած բնակչությանը, ապա քաղաքապետարանը գույքագրել է վնասները: Մասնակի վնասված բնակարաններն արագ վերականգնվում են և տրամադրվում բնակիչներին: Առավել խոշոր ավերածությունների ենթարկված շենքերի բնակիչներին տեղավորելու հնարավորություն կընձեռվի դրանց վերականգնումից հետո միայն»,-ասաց նախարարը: