ՀՐԱՆՈՒՇ ՅԱԿՈԲԵԱՆ
Յարգելի՛ պատգամաւորներ,
Սիրելի՛ հայրենակիցներ, մենք շատ ենք կորցրել, անչափելի են վաղուայ օրուայ նկատմամբ մեր անհանգստութիւնն ու տագնապը, մեր ցաւն ու ցասումը։
Ես ունեմ հարիւրաւոր անպատասխան հարցեր․․․
Հարկ եմ համարում արձանագրել հետեւեալը․
Հայաստանի Հանրապետութիւնը յայտնուել է խոր, անչափ վտանգաւոր ճգնաժամի մէջ։ Այժմ ՀՀ տարածքային ամբողջականութիւնն է վտանգուած, արնաքամ է լինում Արցախ աշխարհը՝ ցաւալիօրէն անդամահատւում ու փոքրանում է։ Արցախի լինելիութեան միակ երաշխաւորը դարձել է Ռուսաստանի Դաշնութիւնը, մոլորուած, գլխահակ ու տխուր է հայկական երբեմնի հզօր Սփյուռքը։
Վիճակի շտկման բանալին հրապարակներում հաւաքուածների թիւը չէ, հացադուլ անողների թիւը չէ, մեր որդեկորոյս եւ որդի փնտռող ծնողները չեն, այլ լուծման բանալին ձեր՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամաւորների ձեռքում է։
Դուք ապրում եկ Երեւանում, հանդիպում, խօսում էք ձեր հարեւանի, բարեկամի, ընկերների հետ եւ թաքցնում էք ձեր աչքերը, չէք գտնում բառեր՝ բազում ծանր հարցերի ու մեղադրանքների պատասխանելու։ Ինչո՞ւ էք կամաւոր ստանձնում մեղքի ծանրագոյն, հոգեմաշ բեռը, երբ դուք չէք այդ ամենի պատասխանատուն։
Միթէ՞ ձեր մէջ չկայ քսաներկու խիզախ, հայրենասէր, ժողովրդին իրապէս նուիրուած պատգամաւոր, որ վեր կանգնի կուսակցական, նեղ, ճղճիմ շահերից եւ խորհրդարանական ընդդիմութեան հետ բաց ճակատով, առանց որեւէ պիտակի, սահմանադրաիրաւական ճանապարհով մասնակցի իշխանափոխութեանը։ Ընտրէք համաձայնեցուած, կամային ուժեղ յատկանիշներով վարչապետ, որը կը կարողանայ համախմբել ազգը եւ երկիրը դուրս բերել այս մղձաւանջից։
Համոզուած եմ, որ ձեզանից շատերը խելացի, կարող, հիանալի երիտասարդներ են, որոնք դեռ երկար կարող են ծառայել մեր Հայրենիքին։ Մի՛ վարանէք, մի՛ վախեցէք, դուք նախ հայ էք, քաղաքացի, ապա կուսակցական։ Կատարէք Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան պահանջը՝ առաջնորդուէք ձեր խղճով եւ համոզմունքներով՝ սա երկրի ճակատագրի, մեր Հայրենիքի փրկութեան հարցն է։