Պատմամշակութային Վաւերագրութիւն
ՔՐԻՍԹԻՆԱ ԱՂԱԼԱՐԵԱՆ
«Զարթօնք»-ի Երեւանի Աշխատակից
Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեանը, Ազրպէյճանի Հանրապետութեան նախագահ Իլհամ Ալիեւը եւ Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլատիմիր Փութինը, յայտարարեցին հետեւեալը. 2020 թուականի նոյեմբերի 10-ի մոսկուայի ժամանակով 00:00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան գօտում յայտարարւում է ամբողջական հրադադարի եւ բոլոր ռազմական գործողութիւնների աւարտի մասին: Ազրպէյճանի Հանրապետութիւնը եւ Հայաստանի Հանրապետութիւնը, այսուհետ՝ Կողմեր, կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում:
Ըստ փաստաթղթի՝ Աղտամի շրջանը վերադարձւում է Ազրպէյճանի Հանրապետութեանը մինչեւ 2020 թուականի նոյեմբերի 20-ը: Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով եւ Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայւում է Ռուսաստանի Դաշնութեան խաղաղապահ զօրախումբ, այդ թւում՝ հրաձգային զէնքով զինուած 1960 զինծառայող, 90 զրահամեքենայ, 380 միաւոր ինքնաշարժ եւ յատուկ զինուորական թեքնիք սարքեր: Ռուսաստանի Դաշնութեան խաղաղապահ զօրակազմը տեղակայւում է Հայկական զինուած ուժերի դուրսբերմանը զուգահեռ:
Պատերազմի արդիւնքում Ազրպէյճանական զինուած ուժերի կողմից գրաւուել է Հատրութի շրջանը, Շուշի քաղաքը։ Հատրութի շրջանը յուշարձաններով ու մշակութային արժէքներով հարուստ շրջան է, որն ամբողջութեամբ մնում է թշնամուն։ Թէ ի՞նչ ճակատագրի կ՛արժանանան հայկական հնադարեայ եկեղեցիները, վանքերը ու յուշարձանները, դժուար չէ գուշակել։ Թշնամին առիթը բաց չի թողնի սիրտքայքայող ու տանջող լուսանկարներ ու տեսանիւթեր հրապարակելու այս կամ այն եկեղեցու պղծումից։ Օրինակներ արդեն կան՝ Շուշիի Ղազանչեցոց Ս. Ամենափրկիչ եկեղեցին, Կանաչ վանքը, մատուռներ, խաչքարեր, Վազգէն Սարգսեանի յուշարձանը եւ այլն։ Իհարկէ, պաշտօնական մակարդակով ամեն օր յայտարարութիւններ, դիմումներ, կոչեր են հնչում միջազգային հանրութեանը, ԵՈՒՆԵՍՔՕ-ին՝ պաշտպանելու հայկական պատմական մշակութային ժառանգութիւնները, բայց յոյսը միայն դնել միջազգային հանրութեան վրայ, չարժէ, այն դէպքում՝ երբ գիտես թէ ի՛նչ թշնամու հետ գործ ունես։
«Զարթօնք» օրաթերթն իր ընթերցողին է ներկայացնում է Արցախի պատմամշակութային յուշարձանների, եկեղեցիների, մատուռների, վանքերի, խաչքարերի վաւերագրութիւնը, որոնք ըստ եռակողմ պայմանագրի, անցնում են Ազրպէյճանի վերահսկողութեան տակ։ ամբողջական եւ կատարեալ վաւերագրութիւն մը ընելու հաւակնութիւնը չունինք անշուշտ: Մենք պարզապէս կը փորձենք փրկել եւ ապագայ ուսումնասիրողներուն հասցնել ատաղձներ, որոնց շնորհիւ կարելի է միշտ խորանալ նշուած մշակութային ժառանգութիւններու ուսումնասիրութեան ու գնահատանքի աշխատանքին մէջ: Հաշուի առնելով, որ ցանկը շատ մեծ է, մեր վաւերագրութիւնը կը ներկայացնենք մի քանի մասով։
Եւ այսպէս․ ներկայումս Արցախի տարածքում վկայագրուած է գրեթէ 5000 պատմութեան եւ մշակոյթի յուշարձան, որոնցից 700-ի համար կազմուել են պահպանական գօտիներ: Գործընթացը շարունակական բնոյթ է կրում, եւ տարեցտարի վերոյիշեալ ցանկը համալրւում էր: 2011թ. Ասկերանի շրջանում վկայագրուել է 796, Հատրութի մէջ՝ 364 յուշարձան, 2012թ. Մարտակերտի շրջանում կատարուել է 1390 յուշարձանի, իսկ արդեն 2013թ. Մարտունու շրջանում` 275 յուշարձանի վկայագրում։ Քաշաթաղի շրջանում այդ աշխատանքները կատարուել են 2015թ., որի արդիւնքում վկայագրուել է 335 յուշարձան։ Վերջին տարիներին ընդհանուր առմամբ վկայագրուել են 3160 պատմութեան եւ մշակոյթի ժառանգութիւններ:
Նախորդ հրապարակման մէջ ներկայացրել ենք Հատրութի շրջանի մի մասը՝ իր գիւղերով, պատմամշակութային կոթողներով, եկեղեցիներով, վանքերով, խաչքարերով, որը ցաւօք սրտի յայտնուել է ազրպէյճանական վերահսկողութեան տակ։ Այսօր կը շարունակենք Հատրութի մասին:
Իջեւանատուն (Ղարղաբազար) Հատրութի շրջանում է գտնւում Իջեւանատուն Ղարղաբազար վայրը, որը նոյնպէս գտնւում է հակառակորդի վերահսկողութեան ներքոյ։
Օխտը դռնի վանք
Օխտը դռնի վանքը գտնւում է Լեռնային Ղարաբաղի հանրապետության Հադրութի շրջանում։ Գտնւում է Մոխրենես գիւղից 3,5 քմ. հիւսիս-արեւմուտք, Եուղուսեն լեռան լանջին։ Վանական համալիրը, բաղկացած է եղել երեք հիմնական շէնքերից։ Գաւիթը լրիւ աւերակ է, միւս շէնքից մնացել են միայն գետնամերձ պատերի մասերը, իսկ երրորդը՝ եկեղեցին, դեռ կանգուն է, թէեւ՝ վատ պահպանուած վիճակում է։ Գաւթի, ինչպէս նաեւ միւս օժանդակ կառուցուածքների աւերակները գտնւում են եկեղեցուն կից, նրա հիւսիս-արեւմտեան կողմում։ Հիմնական յուշարձանի՝ եկեղեցու կառուցման ստոյգ թուականը յայտնի չէ, սակայն ճարտարապետական ձեւերի, զարդաքանդակների եւ ծաւալատարածական յօրինուածքի դիտարկումը թոյլ է տալիս այն դասելու վաղ միջնադարյան հուշարձանների շարքը։
Ամրոց (Յովհաննէսի բերդ) 9-13-րդ դարեր
Ամրոցը գտնւում է Հատրութի շրջան, գիւղ Մարիամաձորում։ Ամրոցն ունի արեւելք-արեւմուտք ուղղուածութիւն: Ամրոցապատերը տեղադրուած են լեռան շրջագծով: Ինչպէս վկայում են այդտեղից գտնուած խեցեղէնի եւ այլ իրերի մնացորդներն՝ այն եղել է ամրոց-բնակավայր: Պահպանուել են տնատեղիների, զանազան շինութիւնների աւերակներ: Արեւելեան վերնակողմում պահպանուել է 10-12մ բարձրութեամբ աշտարակը: Երկարութիւնը՝ 125մ, , բարձրութիւնը՝ 4-12մ:
Քարանձաւ (Շմանեք)
Յուշարձանը գտնւում է Հատրութի Մեծ Թաղերից մօտ 300մ հարաւ-արեւելք՝ ճանապարհի եզրամասում: Կրում է նաեւ Ծծախաչ անուանումը: Վերաբերում է քարէ դարի մուսդիէրեան ժամանակաշրջանին: Խորհրդային ժամանակներում այստեղ ուսումնասիրութիւններ են կատարուել: Ի յայտ են եկել բրիչներ, կենդանիների ոսկորներ, կայծքար գործիքներ:
Քարանձաւը բաղկացած է հերթականութեամբ դասաւորուած չորս քարայրներից, որոնք կապուած են միմիանց հետ տարբեր չափսերի անցուղիներով:
1963-1964թթ. առաջին քարայրի առջեւում հնագէտների կողմից մի հսկայական փոս է փորուել եւ կատարուել են պեղումներ: Ուսումնասիրութիւններից պարզուել է, որ Ծծախաչ քարայրի յատակը հիմնականում ծածկուած է պոլէոլիթի դարաշրջանի մշակութային մնացորդներով՝ շերտեր, որոնց թիւը, ըստ հնագէտների հաշւումների, հասնում է 16-ի:
Համաձայն կատարուած պեղումների՝ այդտեղ յայտնաբերուել են կրծողների, թռչունների, եղջերուի, ձիու եւ այլ կենդանիների ժանիքներ, ոսկորներ ու քարէ գործիքներ (դանակ, քերիչ, ծակիչ, ծայրապնակ):
Ուսումնասիրութիւնները ցոյց են տուել, որ Շմանեք քարայրը նախնադարեան մարդու համար բնակավայր է հանդիսացել հին քարէ դարի միջին (մուսդիէրեան փուլ) պոլէոլիթի եւ ուշ կամ վերին պոլէոլիթի ժամանակաշրջաններում, երբ մարդիկ սկսել են յարմարուել նստակեաց կեանքին եւ օգտուել կրակից, կլիմայի ցրտելուն զուգընթաց բնակուել քարայրներում, փորել գետնափոր տներ ու համայնական կարգով հաւաքուել կրակէ օջախների շուրջը, պատրաստել քարէ գործիքներ, զբաղուել որսորդութեամբ ու ձկնորսութեամբ եւ բնութեան գրկում հաճոյքով վայելել բնական բարիքները:
Կաւաքավանք եկեղեցի
Եկեղեցին գտնւում է բլրի գագաթին: Եռանաւ պազիլիքա (սիւնաշար եկեղեցի) է, թուագրւում է 1742թ.: Մուտքը մշակուած է գեղեցիկ զարդաքանդակներով:
Սպիտակ խաչ վանք
Վանքը գտնւում է Հադրութից հարավ՝ Վանք գիւղի բլրի վրայ: Գիւղի անունը կապուած է վանքին մօտ լինելու հետ: Վանքի ստեղծման ամսաթիւը յայտնի չէ, ամենաուշ կառոյցը թուագրում են 14-րդ դարով, քանի որ այդ մասին են վկայում նրա մասերից շատերը: Վանքը կամ միայն նախասրահը՝ դիմբանի (նկարազարդ կամ քանդակազարդ ճակատամաս) գրառումների հիման վրայ, վերանորոգուել է 1735 թուականին:
Ջրվանես կամուրջ Տումի գիւղ
Ամրոց (Ղլեն քար), 7-13-րդ դարեր
Գտնւում է Արցախ, Հատրութի շրջան, գիւղ Տումիում։ Յուշարձանը գտնւում է անտառապատ լեռնաշղթայի ընդհանուր գծից վեր բարձրացող ու շրջապատի վրայ իշխող սեղանաձեւ ժայռի վրայ: Միջնաբերդանիստ ժայռազանգուածի սրածայր մակերեսը արհեստականօրէն հարթեցուել ու լայնեցուել է եզրագծերով շարուած բազմաստիճան պարիսպ-hենապատերով: Գագաթին ստացուել է եռաստիճան էլիպսաձեւ մակերես, ուր պահպանուել են երկու մեծ եւ մի քանի փոքր սենեակների աւերակներ: Դէպի բնակավայր ու միջնաբերդ տանող բոլոր մատչելի անցումները փակուած են, իսկ որոշ տեղերում երկու շարք պարսպապատերով: Երկարութիւնը՝ 45մ, լայնութիւնը՝ 10մ:
Գիւղի միւս տեսարժան վայրը Իգակուց գիւղատեղիի հինաւուրց կամուրջը,որը գտնւում է կրկին Տումիում
Ամրոց Ցորաբերդ
Ցորաբերդը կամ Վելիջան իշխանի բերդը գտնւում է Հատրութի շրջանի Ցոր գիւղում: Այն Դիզակ գաւառի հնագոյն ամրոցներից է: Վաղ միջնադարեան աղբիւրներում յիշատակւում է նաեւ որպէս բերդաքաղաք: Երբեմնի նշանաւոր բերդից այժմ պահպանուել են պարիսպների, աշտարակների ու առանձին շինութիւնների աւերակները:
Տեղանքին բնորոշ գծերն են. բարձր ժայռեր՝ հարաւային մասում, հաստ պարիսպներ՝ հակառակ կողմում, եւ դէպի բերդը տանող դժուարանցանելի ճանապարհ։ Գեղատեսիլ լեռն իր բնական անառիկ դիրքով համապատասխանում էր այն ժամանակուայ ռազմական պահանջներին։ Բերդն ունեցել է երկու դարպաս։ Անմշակ քարերով ու կրաշաղախով շարուած պարիսպների հաստութիւնը մօտ երկու մեթր է։ Բերդի ներսում գտնուել են կաւէ ջրախողովակներ, կարասներ, պրոնզէ նետասլաքներ եւ դաշոյններ։ Ցորաբերդի հիմնական շինութիւններից մնացել են պարիսպների աւերակները եւ ջրաւազանների հողածածկ փոսերը։ Ցոր գիւղում է գտնւում նաեւ Սրբ. Ամենափրկիչ, Սրբ. Լուսաւորիչ-անապատ եկեղեցին, մի շարք խաչքարեր ու այլ պատմամշակութային արժէք ունեցող յուշարձաններ։