Լեռնային Ղարաբաղում առաքելություն իրականացնող ռուս խաղաղապահների ուղեկցությամբ մեկ օրում Արցախ է վերադարձել ևս 1168 արցախցի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասված է ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում:
Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախ վերադարձած քաղաքացիների ընդհանուր թիվն արդեն ավելի քան 27 հազար է:
«Ստեփանակերտի 8-րդ դպրոցում այսօր վերսկսվել է նաև ուսումնական գործընթացը: Ուսումնառությունը սկսել է ավելի քան 400 աշակերտ: Դպրոցը վերականգնվել է ռուս խաղաղապահների օգնությամբ»,- ասված է ՌԴ ՊՆ կայքում:
Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու հետ կապված: Պատերազմը դադարեցվել է նոյեմբերի 10-ին՝ ժամը 01:00-ից, ռուս խաղաղապահները մուտք են գործել Լեռնային Ղարաբաղ: