ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարներ`Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգընը և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը ողջունում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածքում ռազմական գործողությունների դադարեցումը` համաձայն Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ:
Դրանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են անում շարունակել կատարել իրենց պարտավորությունները Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում՝ հրադադարի վերաբերյալ իրենց նախկին ստանձնած պարտավորությունների ու նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն: Համանախագահ երկրները կարևորում են Ռուսաստանի Դաշնության կողմից Ադրբեջանի և Հայաստանի հետ համաձայնեցված միջոցառումների իրականացումը՝ ռազմական գործողությունների չվերսկսումը երաշխավորելու համար: Նրանք նաև կոչ են անում լիարժեք ու արագ հեռացնել բոլոր օտարերկրյա վարձկաններին տարածաշրջանից և հորդորում բոլոր կողմերին նպաստել դրան:
Համանախագահ երկրները հիշեցնում են Հայաստանին և Ադրբեջանին միջազգային մարդասիրական իրավունքի պահանջները կատարելու իրենց պարտավորության մասին, մասնավորապես՝ ռազմագերիների փոխանակման և դիերի վերադարձի հետ կապված: Նրանք ընդգծում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տեղահանված մարդկանց կամավոր, անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձի պայմանների երաշխավորման կարևորությունը, այդ թվում`վերջին ռազմական գործողությունների ընթացքում: Շեշտվում է պատմական և կրոնական ժառանգության պաշտպանության կարևորությունը Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում: Համանախագահ երկրները կոչ են անում Ադրբեջանին և Հայաստանին լիարժեք համագործակցել համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ՝ այդ ոլորտներում իրենց պարտավորությունները կատարելու և մարդասիրական հասանելիությունն ապահովելու համար:
Համանախագահ երկրները դիմում են միջազգային հանրությանը, այդ թվում `ԿԽՄԿ-ին, ՄԱԿ-ի ինստիտուտներին և այլ համապատասխան կառույցներին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի առանձին երկրներին` համակարգված կերպով ձեռնարկել կոնկրետ քայլեր Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում մարդասիրական իրավիճակը բարելավելու ուղղությամբ: Համանախագահները նաև վերահաստատում են իրենց ամուր աջակցությունը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և նրա թիմի շարունակական աշխատանքին:
Համանախագահ երկրները հորդորում են Հայաստանին և Ադրբեջանին օգտվել գործող հրադադարից` համանախագահների հովանու ներքո բանակցություններ վարելու կայուն խաղաղության վերաբերյալ: Այդ համատեքստում համանախագահ երկրները հորդորում են կողմերին տարածաշրջանում հնարավորինս շուտ ընդունել համանախագահներին և պարտավորվել առարկայական բանակցություններ վարել բոլոր չլուծված խնդիրները լուծելու համար`ըստ համաձայնեցված ժամանակացույցի:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները հիշեցնում են իրենց վճռականությունը՝ վեճերը լուծելու ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման եղանակով: Նրանք կրկնում են իրենց հետևողական և միասնական դիրքորոշումը ՝ հօգուտ՝ հակամարտության մնացած բոլոր հիմնական առարկայական հիմնախնդիրները բանակցությունների միջոցով համապարփակ և կայուն կարգավորելու շուրջ՝ թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին հայտնի հիմնարար սկզբունքներին և տարրերին համահունչ: Համանախագահ երկրները շարունակում են լիովին հավատարիմ մնալ այդ նպատակին հետևելուն՝ տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման խթանման իրենց երկարամյա ջանքերին համընթաց: