Խորհրդարանական և արտախորհրդարանական 17 կուսակցություններից բաղկացած «Հայրենիքի փրկության խորհուրդ»-ի վարչապետի միասնական թեկնածուն ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
«17 կուսակցությունները, որոնց շարքն այսօր ավելի ընդլայնվեց, ձևավորելով «Հայրենիքի փրկության խորհուրդ», որոշում կայացրեցին առաջադրել Վազգեն Մանուկյանի թեկնածությունը: Վազգեն Մանուկյանն ունի փորձառություն և անցած ճանապարհ»,- ասաց Վանեցյանը:
Վազգեն Մանուկյանը նախկինում զբաղեցրել է ՀՀ վարչապետի, Պաշտպանության նախարարի և Հանրային խորհրդի նախագահի պաշտոնները: Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր 17 կուսակցություններ նոյեմբերի 11-ից տարբեր ակցիաներ են իրականացնում` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: