Հայաստանի Գրականութեան եւ Արուեստի Թանգարանին տնօրէն՝ ԿԱՐՕ ՎԱՐԴԱՆԵԱՆ իր ֆէյսպուքի էջին վրայ կը գրէ.
Կարծում էի՝ էլ երբեք գոյնս հետ չի գայ, բայց այսօր անսպասելի հետ եկաւ: Հետ բերողը մի քաղաքագէտ էր, որի վերլուծութիւնները յանիրաւի համարում էի ապուշութիւններ, իսկ հեղինակին՝ անասուն: Տեսնելով նամռոտ ու մամռոտ դէմքս՝ անմիջապէս անցաւ գործի.
— Աչքիս դու էլ բոլորի նման մոլորուել ես ու դարդ ես անում:
— Բա ի՞նչ կհրամայես, որ անեմ:
— Շատ կարճատես էք, է. էդպէս էլ չհասկացաք այս ազգաշահ ու հանճարեղ ծրագրի նպատակը:
— Իբր ի՞նչ ես դուրս տալիս:
— Յիշո՞ւմ ես, որ կառավարութիւնը խոստացաւ տասը միլիոն ծառ տնկել:
— Յետո՞յ ինչ, կառավարութիւնը շատ բան է խոստացել:
— Համբերի, թող բացատրեմ: Այդ խոստումից յետոյ անմիջապէս սկսեցին հաշուարկներ անել ու ծրագիր մշակել:
— Բայց դա ի՞նչ կապ ունի երկիրը յանձնելու հետ:
— Անմիջական կապ: Երբ հասկացան, որ դա շատ ծախսատար ծրագիր է, որոշեցին այն իրագործել թշնամու ձեռքով:
— Այսի՞նքն:
— Չես հասկանո՞ւմ՝ սա ծուղակ է թշնամու համար, չէ՞ որ ազերիները ոչխարներ են:
— Ոչխարների պահով խիստ կասկածներ ունեմ, բայց բացատրի ասածդ:
— Եթէ ուշադիր նայես քարտէզին՝ կտեսնես, որ յանձնւում են երկրի այն հատուածները, որոնց վրայ նախատեսուած էր տնկել տասը միլիոն ծառ:
— Այսինքն, կառավարութիւնը դրանք յանձնում է, որ արդարանա՞յ ծառերի պահով:
— Ոչ, ընդհակառակը: Այդ ոչխարները յայտնի ծառ տնկող են: Հողերը ստանալուն պէս սկսելու են ծառեր տնկել: Մեր կառավարութիւնը ուշադիր հետեւում է ու հաշւում. երբ տասը միլիոներորդ ծառը տնկեն՝ անմիջապէս հողերը ետ կը վերցնի: Այդպիսով իր խոստումը կատարած կը լինի, ինչպէս կատարել է բոլոր խոստումները:
— Բայց լաւ բան ես ասում, երբեք մտքովս չէր անցնի: Իսկ որքա՞ն կը տեւի ասածդ գործընթացը:
— Իմ հաշուարկներով՝ մօտ հարիւր տարի:
— Մի քիչ երկար է, բայց յանուն հողերի ու ծառերի կարելի է սպասել:
— Քեզ աւելին ասեմ, բայց ոչ ոքի չասես:
— Հապա՞:
— Եթէ տեսնենք՝ այդ ոչխարները արժէքաւոր ծառեր են տնկում, էլի հողեր կը յանձնենք, որպէսզի հարիւր տարի յետոյ տասնհինգ միլիոն ծառ ունենանք… Ոնց որ գոյնդ տեղը եկաւ, հա՞: Հիմա հասկացա՞ր այս ծրագրի հեռահար նպատակը:
— Անկեղծ ասած, հիացած եմ: Բա ինչո՞ւ պաշտօնապէս չի յայտարարւում, որ այսքան չտառապենք:
— Ցնդել ե՞ս, բա որ թշնամին լսի՞: Համ էլ մոռացա՞ր, որ պաշտօնական լրատուութիւնը ոչ ոք տանձի տեղ չի դնում: