Ամեն անգամ այդ դիւանագէտին հանդիպելիս մի նոր բան էի սովորում: Ափսոս, հազարից մէկ էի հանդիպում ու հազարից մէկ էի նոր բան սովորում: Այս անգամ, երբ դէմս ելաւ, որոշեցի ոչ թէ սովորել, այլ կատարուածը քթից բերել.
— Մենակ թէ չասես, որ դու էլ ես շեֆիդ խելքին:
— Ի՞նչ նկատի ունես:
— Շեֆդ չասա՞ց, որ մեր դիւանագիտութիւնը չի պարտուել:
— Շատ էլ ճիշտ ասաց:
— Լսիր, դուք մեզ գժի տե՞ղ էք դրել: Դուք չէի՞ք յայտարարել, որ Արցախի հարցը այնպէս պիտի լուծէք, որ ընդունելի լինի Հայաստանի, Արցախի ու Ազրպէյճանի ժողովուրդների համար:
— Է հա, էդպէս էլ յայտարարել էինք:
— Բա ո՞նց պատահեց, որ ձեր լուծումը ընդունուեց մենակ Ազրպէյճանի ժողովրդի կողմից:
— Ասում էի, չէ՞, որ դու դիւանագիտութիւնից բան չես հասկանում: Իզուր էլ անցած անգամները վրադ ժամանակ ծախսեցի:
— Հլը բացատրի, ի՞նչը չեմ հասկանում:
— Դու ասացիր, որ մենք երեք երկրի անուն ենք չէ՞ տուել:
— Հա, յետո՞յ:
— Ուրեմն իմացիր, որ դիւանագիտութիւնը ճշգրտութիւն է սիրում, այսինքն՝ թիւ է սիրում: Կարևորը ոչ թէ երկրների անունն է, այլ թիւը: Եթէ թիւը խախտեցիր՝ կը պարտուես ու քեզ չեն յարգի: Մենք ամեն ինչ արեցինք, որ երեք թիւը պահպանենք:
— Չեմ հասկանում՝ ի՞նչ ես ասում:
— Ասում եմ, որ մեր առաջարկած լուծումը ընդունուել է երեք երկրների կողմից ու թիւը պահպանուել է:
— Էդ ո՞ր երկրներն են, ամօթ չլինի հարցնելը:
— Ազրպէյճանը, Թուրքիան ու Ռուսաստանը:
— Ուզում ես ասես, որ մեր դիւանագիտութիւնը յաղթե՞լ է:
— Դեռ աւելին, կրկնակի է յաղթել:
— Այսի՞նքն:
— Երբ մեր խնդիրը կատարեցինք, պարզուեց, որ նշուած երկրներից բացի ուրիշ երեք երկիր էլ է ընդունել մեր լուծումը:
— Դրա՞նք որ երկրներն են:
— Փաքիստանը, Իսրայէլը և Ուքրանիան:
— Այ քեզ բան, բա մենք ինչի՞ ենք սուգ անում:
— Որովհետև դիւանագիտութիւնից բոպիկ եք: