Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 4-ին աշխատանքային այցով եղել է մայրաքաղաքի մի շարք շինհարթակներում և օբյեկտների շահագործման ժամկետների վերաբերյալ տվել նոր հանձնարարականներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Արցախի ղեկավարը նշել է, որ հետպատերազմական շրջանում Հանրապետության սոցիալական թիվ մեկ խնդիրը բնակարանայինն է, և առաջիկա տարիներին կառավարությունը գործադրելու է իր հիմնական ջանքերը բոլոր անօթևան մնացած քաղաքացիներին բնակարաններով ապահովելու համար: «Նախագահ Հարությունյանի հանձնարարականի համաձայն՝ Ստեփանակերտի տարբեր հատվածներում կառուցվող բազմահարկ շենքերը՝ շուրջ 300 բնակարաններով, աշխատուժի ավելացման հաշվին շահագործման կհանձնվեն մինչև հաջորդ տարվա առաջին կես: Ծրագրում կընդգրկվեն նաև վարչական նշանակության որոշ շենք-շինություններ, որոնք վերակառուցման արդյունքում կվերածվեն բնակելի շենքերի:
Աշխատանքային շրջայցի ընթացքում նախագահը եղել է նաև «Արցախկաթ» փակ բաժնետիրական ընկերությունում, ծանոթացել ամբողջ ծավալով աշխատող արտադրամասի պայմաններին, շնորհակալություն հայտնել կոլեկտիվին պատերազմական ծանր ժամանակահատվածում ևս արտադրական պրոցեսը չկանգնեցնելու և բնակչությանը թարմ կաթնամթերքով ապահովելու համար:
Արայիկ Հարությունյանին այցի ընթացքում ուղեկցում էին «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ խորհրդի նախագահ Արսեն Միքայելյանը և ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։