Պատմամշակութային Վաւերագրութիւն
ՔՐԻՍԹԻՆԱ ԱՂԱԼԱՐԵԱՆ
«Զարթօնք»-ի Երեւանի Աշխատակից
Սեպտեմբերի 27-ից Ազրպէյճանի, Թուրքիայի եւ վարձկան ահաբեկիչների ներգրաւմամբ Արցախի դէմ սանձազերծած պատերազմի արդիւնքում տեղի ունեցան ցաւոտ զիջումներ ու կորուստներ։ Չճշտուած տուեալներով մօտ 4000-ից աւել զոհ, 4000-ից աւել կեանք, ճակատագիր, տան ճրագ։ Հայկական կողմը պատերազմի 44-րդ օրը ստորագրեց բառի բուն իմաստով անձնատուութեան փաստաթուղթ, թշնամուն զիջեց Արցախի կէսից աւելին, գիւղեր քաղաքներ, եկեղեցիներ, պատմամշակութային կոթողներ, մէկ խօսքով՝ հայրենիք, որի համար կռուել ու զոհուել են քաջարի տղաները։
Շատերը գիտեն, որ Շուշիի Ղազանչեչոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, Տիգրանակերտի բերդը այլեւս թշնամու ձեռքում է, Դադիվանքը տակաւին կը մնայ հարցական եւ ազերիական կողմէն յաճախակի ոտնձգութեան առարկայ Քարվաճառի շրջանի յանձնումէն ետք։ Հաւանաբար քչերը գիտեն, թէ ինչպիսի հսկայական ժառանգութիւն կայ Արցախում, ինչքան հայկական կոթողներ, յուշարձաններ, եկեղեցիներ, վանքեր, որոնք արդեն իսկ գտնւում են բորենի թշնամու ձեռքում։ ԶԱՐԹՕՆՔ-ի այս վաւերագրութեան շարքի նպատակը մէկն է՝ ներկայացնել, Արցախի յայտնի ու անյայտ պատմամշակութային արժէքները, որոնք ըստ եռակողմ պայմանագրի յանձնուեցին հակառակորդին։ Եկեղեցիների, յուշարձանների մեծ մասի վերաբերեալ տեղեկութիւններ եւ լուսանկարներ պեղելը բարդ էր, քանի որ պատմամշակութային ոչ բոլոր արժէքներն են լուսաբանւում։ Այս մասով ներկայացնում ենք Քաշաթաղի շրջանը:
Յիշեցնենք, որ ներկայումս Արցախի տարածքում վկայագրուած է գրեթէ 5000 պատմութեան եւ մշակոյթի յուշարձան, որոնցից 700-ի համար կազմուել են պահպանական գօտիներ: Գործընթացը շարունակական բնոյթ է կրում, եւ տարեցտարի վերոյիշեալ ցանկը համալրւում էր: 2011թ. Ասկերանի շրջանում վկայագրուել է 796, Հատրութի մէջ՝ 364 յուշարձան, 2012թ. Մարտակերտի շրջանում կատարուել է 1390 յուշարձանի, իսկ արդեն 2013թ. Մարտունու շրջանում` 275 յուշարձանի վկայագրում։ Քաշաթաղի շրջանում այդ աշխատանքները կատարուել են 2015թ., որի արդիւնքում վկայագրուել է 335 յուշարձան։ Վերջին տարիներին ընդհանուր առմամբ վկայագրուել են 3160 պատմութեան եւ մշակոյթի ժառանգութիւններ:
ԼՂՀ Քաշաթաղի շրջան
Քաշաթաղի շրջանը գտնւում է Լեռնային Ղարաբաղի հանրապետութեան հարաւ-արեւմուտքում: Այն ամենամեծն է Արցախում, եւ տարածութեամբ մօտաւորապէս հաւասար է ՀՀ Սիւնիքի մարզին:
Շրջանի մակերեսը 3377 քառ. քմ է: Քաշաթաղն ընդգրկում է Հագարի գետի աւազանը եւ Որոտանի ստորին հոսանքի աւազանը։ Շրջանը արեւմուտքում սահմանակից է ՀՀ Սիւնիքի մարզին, հիւսիսում եւ արեւելքում՝ Քարվաճառի, Մարտակերտի Ասկերանի, Շուշիի, Հադրութի շրջաններին, հարաւում՝ Իրանին։
Շրջանի հիւսիսային կէսը լեռնային է, իսկ հարաւային կէսը Արցախի, Բարգուշատի, Մեղրու լեռնաշղթաների նախալեռնային գօտին է, որտեղ բարձրութիւնների տարբերութիւնը համեմատաբար փոքր է։ Պատմական ժամանակներում այս տարածքները մտնում էին Սիւնիքի Կովսական գաւառի մէջ:
Շրջանի բնակչութիւնը 2005 թուականի մարդահամարի տուեալների համաձայն կազմում է 9763 մարդ: Էթնիկ առումով բնակչութիւնը միատարր է ՝ գլխաւորապէս հայեր են։ Շրջկենտրոնն է Բերձոր քաղաքը: Արցախի ազատագրումից յետոյ` 1994թ. յուլիսին, նախկին Լաչինի, Ղուբաթլուի ու Կովսականի շրջանների տարածքում ստեղծուեց Քաշաթաղի վարչական շրջանը:
Պատմական Եւ Ճարտարապետական Յուշարձաններ
Այժմ Քաշաթաղի շրջանում պահպանուել են մօտ 3 տասնեակ վանքեր ու եկեղեցիներ, պատմական յուշարձաններ:
Վանքերից շատ յայտնի է 4-րդ դարում կառուցուած Ծիծեռնավանքը, որը ազատագրումից յետոյ հիմնովին վերակառուցուել է։
Ծիծեռնավանք
Ծիծեռնավանքի եկեղեցին աչքի է ընկնում իր ինքնատիպ յարդարանքով։ Այն վաղ միջնադարի հայկական ճարտարապետութեան կարեւորագոյն կառոյցներից է։ Պատկանում է եռանաւ պազիլիկ եկեղեցիների տիպին, ունի ուղղանկիւն յատակագիծ, չորս զոյգ մոյթեր, արտաքուստ շեշտուած միջին նաւ։ Հայկական նմանատիպ կառոյցների մէջ միակ կանգուն եւ լաւ պահպանուած օրինակն է։ Ներկայիս Ծիծեռնավանքն իր վրայ կրում է մի քանի շինարարական փուլերի ազդեցութիւնը։
Մասնաւորապէս, արտաքին պատերի ստորին՝ սրբատաշ պազալտով (7–8 շարք բարձրութեամբ) մասը պատկանում է 5-րդ դարին (կամ աւելի վաղ ընկած ժամանակաշրջանին)։ Ըստ որոշ կարծիքների Ծիծեռնավանքի տեղում սկզբնապէս եղել է հեթանոսական տաճար, որը հենց 4-րդ դարում վերածուել է եկեղեցու։ Ստեփանոս Օրբելեանը Ծիծեռնավանքը յիշում է Սիւնիքի մօտ 150 վանքերի մէջ որպէս 30 նշանաւոր վանքերից մէկը, բայց ոչ իր ժամանակի (13-րդ դարի վերջ) առաջնակարգ վանքերի շարքում եւ դասում է 17֊րդ տեղը, թէեւ մինչ Ծիծեռնավանքը նշւում են մի քանի աննշան վանքեր։ Ուշ միջնադարում նոյնպէս Ծիծեռնավանքը պատկանել է Տաթեւի թեմին։
Լաւ են պահպանուել նաեւ 17-րդ դարում կառուցուած մի շարք եկեղեցիներ` Հակի Սուրբ Մինաս, Միրիկի Սուրբ Աստուածածին, Հոչանցի Սուրբ Ստեփանոս, Հերիկի Սուրբ Գէորգ, Շալուայի, Սթունիսի, Արախիշի, Մազրայի սրբավայրերը:
Քանի որ ամեն օր, ըստ եռակողմ պայմանագրի, նոր տարածքների, գիւղերի յանձնման մասին է յայտարարւում, այդ իսկ պատճառով դեռեւս յստակ չէ, թէ այս շրջանի որ գիւղն ինչ ճակատագիր է ունենալու։
Հակի Սուրբ Մինաս եկեղեցի
Աղաւնոյ գետի աջ ափից մօտ 1 քմ հեռու` բարձր ժայռի վրայ, որի տակ քարանձաւներ են, գտնւում է 12-13-րդ դարերում կառուցուած Մկնատամի Խաչ մատուռ-եկեղեցին: Ըստ աւանդութեան այստեղ բուժուել է «մկնատամ» կոչուող հիւանդութիւնը։
Բերձորից մօտ 60 քմ հիւսիս ընկած Արախիշ գիւղում դարձեալ կիսակործան վիճակում կանգուն է 12-13-րդ դարերի մէկ այլ յուշարձան` կամարակապ եկեղեցի, որը պայթեցուել է 1983թ.:
Նման եւ աւելի վատթար վիճակում են Հարարի (16-17-րդ դդ.), Վակունիսի եկեղեցիները, Կաթոսավանքը (9-11-րդ դդ.), Աղբրաձորի վանքը (9-11-րդ դդ.): Կան նաեւ ժայռափոր եկեղեցիներ Ծաղկաբերդում (Քրօնքի վանք), Տանձուտում, Հոչանցում: Վերջինիս մասին յիշատակութիւնն կա Առաքել Դավրիժեցու «Պատմութիւն» գրքում: Ըստ պատմիչի` Տաթեւի Մեծ անապատից բարձրաստիճան մի քանի հոգեւորականներ գալիս են այստեղ եւ հիմնում անապատ:
Ժայռափորեկեղեցի«Քրոնք»Արցախ, Քաշաթաղիշրջան, գիւղԾաղկաբերդ, 12-13-րդ դար:
Միւս ժայռափոր մատուռը գտնւում է Աղաւնոյի ձախափնեայ Տանձուտ գիւղից հիւսիս-արեւելք` բարձրադիր ժայռակերտ համալիրում:
Ժամանակակից ճարտարապետութեան կոթողներից է Բերձոր քաղաքի մուտքը զարդարող Սուրբ Համբարձման եկեղեցին, որի հիմքը դրուեց 1996 թ. Ա. Յակոբեանի նախաձեռնութեամբ:
Քաշաթաղի շրջանի հիւսիս-արեւելեան մասում է գտնւում տաք ջրերի բնական աղբիւրը, որը իր Քարվաճառեան նմանակից տարբերւում է ջրի ջերմաստիճանի ցածրութեամբ: Բնական տաք աղբիւրի բուժիչ եւ կազդուրիչ յատկութիւնները նոյնն են, ինչ Քարվաճառի շրջանի Ջերմաջրինը (տաք ջրեր):
Շարունակելի․․․