Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը և Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը քննարկել են Լեռնային Ղարաբաղում մարդասիրական արձագանքման կենտրոն ստեղծելու հարցերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նախարարների համատեղ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցում ասաց ՌԴ արտգործնախարարը:
«Մենք խոսել ենք հումանիտար արձագանքման կենտրոն ստեղծելու հարցերի մասին: Դա նախագահ Պուտինի նախաձեռնություն է: Մենք առաջարկել ենք այդ կենտրոնը դարձնել միջազգային` Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ: Հիմա քննարկվում են այդ նախաձեռնության գործնական հարցերը: Դրա իրականացման գործին կմասնակցեն բազմաթիվ ռուսական նախարարություններ և գերատեսչություններ»,- ասաց Լավրովը:
ՌԴ արտգործնախարարը հայտնեց, որ հայ գործընկերոջ հետ բանակցություններն անցել են ավանդական ջերմ և դաշնակցային, ռազմավարական-գործընկերային մթնոլորտում:
Նոյեմբերի 14-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Լեռնային Ղարաբաղում մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոն ստեղծելու մասին։
Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանը դեկտեմբերի 6-7-ն աշխատանքային այցով Մոսկվայում է։