ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննարկել են ԼՂ իրավիճակն ու Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:
Նշվում է, որ ի թիվս այլ հարցերի, զրուցակիցները մանրամասն քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը: Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է ռազմական գործողությունների դադարեցման նպատակով ձեռնարկված միջնորդական ջանքերի, ինչպես նաև Բաքվի ու Երևանի խնդրանքով շփման գծի երկայնքով ու Լաչինի միջանցքում տեղակայված ռուս խաղաղապահների գործունեության մասին: Շեշտվել է, որ նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետի ու Ադրբեջանի և ՌԴ նախագահների ընդունած հայտարարության մեջ ֆիքսված պայմանավորվածությունների հետևողական իրացումը նպաստում է տարածաշրջանային իրավիճակի ընդհանուր կայունացմանը: Ընդգծվել է նաև ռազմական բախումներից տուժած բնակչության կենսական խնդիրների լուծման կարևորությունը: Դրա հետ կապված նշվել է Ռուսաստանի ստեղծած Հումանիտար արձագանքման կենտրոնի աշխատանքներին մասնագիտացված միջազգային կառույցների մասնակցության անհրաժեշտությունը: Կողմերը փոխադարձ պատրաստակամություն են հայտնել հետագայում ևս համագործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: