ՔՐԻՍԹԻՆԱ ԱՂԱԼԱՐԵԱՆ
«Զարթօնք»ի Երեւանի Աշխատակից
Մինչ Արցախում արկերի ձայնը խլացնում էր խաղաղութիւն երազող ու արարող երեխաների ու կանանց ձայնը, մինչ տղամարդիկ խրամատներում կռիւ էին տալիս ոխերիմ թշնամու դէմ, Երեւանում արցախցի կանայք «Տալմա Կարտըն Մոլ» առեւտրի կեդրոնի առաջին յարկում ցուցահանդէս վաճառք էին կազմակերպել՝ ներկայացնելով իրենց ձեռքի աշխատանքները։
Աննա Գրիգորեանը ծնունդով Երեւանից է, 14 տարի է բնակւում է Ստեփանակերտում, ամուսինն արցախցի է։ Աննան երեք տարի առաջ է սկսել սեփական այգու բերքից բնական, առանց շաքարի չիր պատրաստել՝ սալոր, խնձոր եւ այլ մրգերից։ Ասում է՝ սկզբնական շրջանում ցանկացած գործ սկսելը դժուար է, ինքն էլ լուրջ չի նայել դրան որպէս պիզնէս, սակայն նրա խօսքով՝ պէտք է յամառ լինել, երեւակայութիւն ունենալ։
«ՀԲԸՄ կազմակերպած դասընթացներին եմ մասնակցել, որից յետոյ սկսեցի աւելի լուրջ նայել այս գործին։ Սկզբնական փուլում պէտք է գիտելիք ունենալ, մտածուած քայլեր կատարել ու առաջ գնալ»,- ասում է Աննան։ Աննայի ամուսինն աշխատում է Արցախի «Ղարաբաղ թելեքոմ» ընկերութիւնում։ Պատերազմի ամբողջ ընթացքում եղել է Արցախում։ Երեւանում մեծ սիրով են գնում արցախեան բերքուբարիքը, բնական ու համեղ չրերը։
Երեւանի պետական հումանիտար քոլեճի ուսանողուհի, ծնունդով Արցախցի Մերի Կիսիբէկեանը վերջերս է սկսել փայտից տարբեր զարդեր պատրաստել։ Աղջկայ ընտանիքը Ստեփանակերտում է, պատերազմի ողջ ընթացքում Երեւանում էին, այժմ արդեն մեկնել են Արցախ։ Ասում է՝ բարեբախտաբար ռմբակոծութիւնից իրենց տունն այդքան չի վնասուել։
«Wooden miracles» անունը կրող զարդերը այս ցուցահանդէս վաճառքում բաւական մեծ հետաքրքրութիւն են առաջացնում, յատկապէս, ամբողջը ձեռքի աշխատանք է եւ զարդերի տեսքով պատկերուած են արցախեան եւ պատերազմեան խորհրդանիշները։
«Միշտ սիրել եմ նման զարդեր, փորձեցի ինչ որ ձեւով իմ մասնագիտական հմտութիւնը, նկարելը վերարտադրել փայտի վրայ։ Առաջին անգամ, երբ սկսեցի պատրաստել, հիմնականում կերպարներ էի պատրաստում այնուհետեւ որոշեցի աւելի դասական ոճով պատրաստել։ Սկսեցի նաեւ ականջողեր պատրաստել։ Բաւական մեծ հետաքրքրութիւն կայ մարդկանց կողմից»,- պատմեց արցախցի աղջիկը եւ յոյս յայտնեց, որ իր զարդերը մարդկանց մօտ աւելի մեծ հետաքրքրութիւն կ՛առաջացնեն։
«Նշխարք» ձեռագործ աշխատանքներ հիմնադիրն ու ներկայացուցիչը Գայիանէ Մարգարեանը ծնունդով Ասկերանի շրջանի Ակնաղբիւր գիւղից է։ Այն գիւղից, որը յանձնուել է թշնամու վերահսկողութեանը։ Գայիանէն «Զարթօնք»-ի հետ զրոյցում պատմում է, որ «Նշխարք»-ը հայկական տարազներով տարբեր իրերի ստեղծում է՝ տիկնիկներ, գինիների տուփեր, սփռոցներ եւ իհարկէ ծաղկաթէյեր։ Գայիանէն պնդում է՝ պէտք է աշխարհին ցոյց տալ մեր հայկականը, պէտք է գնել հայկականը, զարգացնել ու խթանել տեղական արտադրութիւնը։
Երեք տարի է «Նշխարք»-ը գործունէութիւն է ծաւալում ու հասցրել է բաւական ընդլայնել աշխարհագրութիւնը։ Յաճախորդներ ունեն անգամ Ռուսաստանից։ Իսկ ծաղկաթէյերի արտադրութիւնը մասնագիտութեամբ կենսաբան Գայիանէն սկսել է մի քանի ամիս առաջ՝ փորձելով համադրել գեղեցիկն ու օգտակարը։
«Ուսումնասիրել ենք տարբեր ծաղիկներ, դրանց կենսաքիմիական բաղադրութիւնը ու համադրելով ստացել ենք եօթ փունջ, որի հիմքում նոյնպէս ազգայինն Է։ Փնջերի անուանումները նոյնպէս հայկական են՝ Սօսէ, Նռանէ, Սիւնէ, Սաթի, Ասպրամ, Սոնա եւ Անի»,- սիրով ներկայացրեց «Նշխարք»-ի հիմնադիրը։ Ծաղկաթէյերից իւրաքանչիւրն ունի իր օգտակար յատկութիւնը՝ հանգստացնող, դիմադրողականութիւնը բարձրացնող, արեան բարձր ճնշում ունեցողների համար եւ այլն։ Այս ամենից զատ հնարաւոր չեղաւ չզրուցել հայրենիքի կորստի մասին։ Գայիանէի հայրենի գիւղն այսօր գտնւում է թշնամու ձեռքում։ Ասում է՝ անտարբեր վերաբերմունք է ցուցաբերուել իրենց հայրենի հողի նկատմամբ, դա լոկ հողակտոր չէ, այլ՝ Հայրենիք։ «Այն ցաւն ու վիշտը, որ այսօր ստացել ենք ապաշնորհ ղեկավարութեան կողմից փորձում ենք խեղդել աշխատանքում։ Մենք շարունակելու ենք արարել ու ստեղծել՝ ի հեճուկս բոլոր ազգադաւերի»,- իր խօսքը եզրափակեց արցախցի Գայիանէ Մարգարեանը։
12-րդ դասարանի աշակերտուհի Աննան պայուսակների արտադրութիւնը սկսել էր այս տարուայ սեպտեմբեր ամսից, որից շատ չանցած սկսուեց պատերազմը եւ նրանք ստիպուած եղան ժամանակաւոր տեղափոխուել Երեւան։ Պատերազմը չկարողացաւ խանգարել ստեղծագործ ու տաղանդաւոր աղջկան իր սկսած գործում առաջ գնալու հարցում։ Հակառակն՝ աւելի սթափեցրեց ու առաջ գնալու ուժ տուեց յանուն ապագայի, յանուն կորսուած հայրենիքի։ Աննա ինքն իր ձեռքով է կարում պայուսակները, այնուհետեւ դրանց վրայ նկարում տարբեր պատկերներ։
Պատկերների հարցում նկատելի է, որ արցախցի աղջիկը երկինքն է նախընտրում։ «Irenicann» անունը կրող պայուսակների «բրենդ»-ի անվանումն էլ պատահական չէ՝ իր անուն է ու խաղաղութիւն։ Երկինքն էլ այդ բաղձալի խաղաղութեան խորհրդանիշն է։
Մասնագիտութեամբ քիմիկոս Նարինէ Գրիգորեանը սեփական մաշկի խնդիրները լուծելու ճանապարհին, օգտագործելով բազում քսուկներ ու խնամքի միջոցներ եւ չստանալով գոհացուցիչ արդիւնք, այլ հակառակը, որոշեց ստեղծել սեփական խնամքի միջոցների ապրանքանիշը։
«Grigoryan’s» անունը կրող բնական, առանց յաւելումների խնամքի միջոցները՝ նրբաքսուկները, դէմքը մաքրող հեղուկները պատրաստուած են տարբեր տեսակի իւղերից, մեղրամոմից, ակնամոմից։ Ծնունդով Ստեփանակերտից Նարինէ Գրիգորեանը մեծ ոգեւորութեամբ է պատմում ապրանքների ստեղծման մասին։ Ասում է՝ իր նպատակն է, որ բոլոր աղջիկները ունենան գեղեցիկ ու խնամուած մաշկ, օգտագործեն միայն բնական ու հայկական խնամքի միջոցներ։ Խոնաւեցնող նրբաքսուկների բաղադրութիւնն ամբողջութեամբ բնական է, մաքուր բժշկական իւղերից պատրաստուած, որը պայքարում է մի շարք խնդիրների դէմ՝ վերացնում է այրուածքներից առաջացած հետքերը, կնճիռները, աչքերի շուրջ կապոյտ շրջանակները եւ այլն։ Մեր զրուցակիցն ասում է, որ իր համար այդքան կարեւոր չէ որպէս պիզնէս շահոյթ ստանալը, որքան զբաղուածութիւնն ու մարդկանց օգնելու մեծ ցանկութիւնը։
«Շահոյթը որպէս այսպիսին մեծ չէ։ Գինը հասանելի է բոլորին։ Նրբաքսուկների տուփերը փոքր են։ Դա նախատեսուած է երեք ամսուայ օգտագործման համար, որպէսզի պիտանելիութեան ժամկէտը չանցնի ու ոչ մի կրամ քսուկ չփճանայ։ Շահոյթի հետեւից գիտութեան մարդիկ այդքան չեն ընկնում։ Շահոյթը շատ քիչ է։ Ես ուզում եմ մարդիկ զգան այն ուրախութիւնը, որը ես եմ զգացել այս քսուկները ստեղծելիս ու օգտագործելիս ու ունենան առողջ եւ սիրուն մաշկ»,- մեծ ոգեւորութեամբ պատմում է ապրանքանիշի հիմնադիրը։ Նարինէ Գրիգորեանը վստահ ասում է՝ վերադառնալու է Արցախ, շարունակի զբաղուել սկսած գործով՝ ընդլայնելով ապրանքների տեսակները ու սպառման աշխարհագրութիւնը։
Ծնունդով ստեփանակերտցի Էմմա Աւետիսեանն էլ ցուցահանդէս վաճառքին ներկայացնում է արցախեան առաջին պատերազմի մասնակից, երկրորդ կարգի հաշմանդամ իր ամուսնու ձեռքի աշխատանքները։ Փայտից պատրաստուած տարատեսակ նմուշները, քանդակները, խաչերը լաւագոյն օրինակն են ապրելու ու արարելու ցանկութեան, մեծ կամքի ու հայրենասիրութեան։ Ամուսինները եւս պատրաստւում են վերադառնալ Ստեփանակերտ։
Արցախեան արտադրանքների ցուցահանդէս-վաճառքը մէկ ամիս բաց կը լինի ցանկացողների համար։