Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում դեկտեմբերի 10-ին տեղի ունեցող ԵՄ գագաթնաժողովի ընթացքում Եվրամիության առաջնորդները մտադիր են քննարկել Թուրքիայի որոշ ֆիզիկական անձանց նկատմամբ պատժամիջոցների սահմանումը, սակայն ավելի կոշտ պատժամիջոցների հարցը հետաձգվելու է մինչև մարտ ամիս։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին հայտնում է Reuters միջազգային լրատվական գործակալությունը։
Ըստ Reuters-ի` Եվրոպական երկրները, չնայած հոկտեմբերին Թուրքիայի հասցեին հնչեցված սպառնալիքներին` կխուսափեն ավելի կոշտ տնտեսական պատժամիջոցներից և այդ հարցի քննարկումը կհետաձգեն մինչև մարտ ամիս։ԵՄ առաջնորդները կհամաձայնվեն պատժել այն անձանց, ովքեր մեղադրվում են Կիպրոսի ջրային տարածքում չարտոնված հորատման աշխատանքների պլանավորման կամ դրանց մասնակցելու մեջ:ԵՄ-ն հայտարարել է, որ ձգտելու է հնարավոր հետագա միջոցառումները համակարգել ԱՄՆ նորընտիր նախագահ Բայդենի հետ, ով պաշտոնը ստանձնելու է հունվարին:
Թուրքիան ասում է, որ ինքը գործում է իր ջրային սահմաններում, կամ այն տարածքներում, որոնք պատկանում են կիպրոսցի թուրքերին: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեկտեմբերի 9-ին հայտարարել էր, որ իրեն չի անհանգստացնում դաշինքի կողմից հնարավոր պատժամիջոցները:
ԵՄ կողմից հնարավոր պատժամիջոցներն օրակարգ են մտել Միջերկրական ծովի արևելյան ավազանում՝ Հունաստանի կղզիներում և Կիպրոսի շրջակայքում պաշտոնական Անկարայի կողմից իրականացված էներգետիկ հետազոտություններից հետո: Զայրացած Սիրիայում, Լիբիայում և Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի արտաքին քաղաքականությունից ՝ Ֆրանսիան սատարել է Հունաստանի կոչերին ՝ խստացնել պատժամիջոցները Թուրքիայի նկատմամբ: Եվրախորհրդարանն անցյալ ամիս կոչ էր արել պատժիչ միջոցներ ձեռնարկել: Աթենքը կոչ էր անում զենքի պաշտոնական էմբարգո մտցնել Թուրքիայի սակայն այս պահանջը չմտավ ԵՄ-ի օրակարգ։