Ազգային ժողովի փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի նախաձեռնությամբ շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարել և սահմանել ամենախիստ պատիժները պետական դավաճանության կամ լրտեսության համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Վահե Էնֆիաջյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Այսօր իմ նախաձեռնությամբ շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ, համաձայն որի քրեական օրենսգրքում փոփոխություններ են կատարվելու և սահմանվելու են ամենախիստ պատիժները, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետությունում պետական դավաճանություն կամ լրտեսություն իրականացնելու համար։
Այս նախագծով առաջարկվում է պետական դավաճանության համար սահմանել խստագույն պատիժ՝ ազատազրկում 20 տարի ժամկետով կամ ցմահ, իսկ լրտեսության համար` 15-20 տարի։ Պետական դավաճանությունը և լրտեսությունը պետք է համարվեն առանձնապես ծանր հանցագործություններ և խստագույնս պատժվեն»,- գրել է Էնֆիաջյանը։