Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մոտեցումը կարևոր դեր է խաղացել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման գործում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Անադօլու» գործակալությունը, այդ մասին Բաքվում տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Ես չեմ կարող մի կողմ դնել պարոն Պուտինի մոտեցումները: Նրա դրական վերաբերմունքն օգնեց այդ գործընթացը բերել դրական ուղու վրա: Նաև ցանկանում եմ նշանակություն տալ այն պլատֆորմին (տարածաշրջանային անվտանգության), որի մասին խոսեց իմ եղբայրը (Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը): Այդ պլատֆորմին կարող են միանալ Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Վրաստանը և, եթե կցանկանա, Հայաստանը»,- ընդգծել է Էրդողանը:
Թուրքիայի առաջնորդը նաև հայտարարել է, որ Թուրքիան հայ ժողովրդի հետ խնդիրներ չունի: