Դեկտեմբերի 4-ին Պէյրութի Թէքէեան կեդրոնում տեղի ունեցաւ ՌԱԿ Լիբանանի Շրջանային Վարչութեան Տեղեկատուական Գրասենեակի կազմակերպած համատեղ զրոյց-հանդիպումը Արցախի պատերազմի եւ ներկայ ռազմաքաղաքական իրավիճակի թեմայով։
ՌԱԿ Լիբանանի Շրջանային Վարչութեան ատենապետ՝ ընկ. Սեւակ Յակոբեան բարի գալուստ մաղթելով ներկաներուն, ներկայացրեց օրուայ բանախօսը՝ Զօր. Նարեկ Աբրահամեանը, որուն անցած զինուորական եւ ազգային կեանքը ծանօթ է բոլորին: Զօր. Աբրահամեանը բոլորիս համար ազգասիրութեան, հայրենիքի նուիրումին եւ ռազմարուեստի դպրոց է, աւելցուց ընկ. Յակոբեան:
Բանախօսը քննարկման ժամանակ ներկայացրեց անձնական վկայութիւններ, ցուցադրեց քարտէսներ, ներկաներին մանրամասն ցուցադրեց, թէ այս նոր քարտէսով որտեղ են տեղակայուած ազրպէյճանական զօրքերը, որտեղ ռուսական խաղաղապահները եւ որտեղ հայկական ուժերը, ցոյց տուեց հակառակորդի կողմից Արցախի գրաւած տարածքները։
Բանախօսը ներկայացրեց արցախեան երկրորդ պատերազմի հետ կապուած մանրամասներ, տարբեր տարածքներում հայկական ուժերի յաջողութիւններն ու անյաջողութիւնները։ Մասնաւորապէս՝ նրա խօսքով, թշնամու կողմից ինչպէս 2016 թուականի ապրիլեան պատերազմի ժամանակ, այնպէս էլ այս պատերազմի ժամանակ գրաւել է Մարտակերտի շրջանի Թալիշը գիւղը, իսկ Մատաղիսը դարձել չէզոք գօտի։ Արցախի հարաւային շրջանում պատերազմի առաջին տասը օրուայ ընթացքում հայկական զինուած ուժերը որեւէ զգալի յաջողութիւններ չեն գրանցել։

Բանախօսի խօսքով՝ հակառակորդի յարձակումները առաջին իսկ օրուանից հիմնականում կեդրոնացուած են եղել հարաւային շրջանում՝ Ճեպրայիլ, Հատրութ, Զանգելան, Կուբաթլու։ «Մօտ 150 քիլոմեթր ճակատի մասին է խօսքը, որը մեր ուժերը պատերազմի առաջին օրերին կարողացան լաւ պահել։ Հոկտեմբեր 15-ից յետոյ ազրպէյճանական ուժերը սկսեցին յաջողութիւններ ունենալ հարաւային ուղղութիւնում։ Արաքսի հովտում նրանք կարողացան հոկտեմբերի 18-19-ին գրաւել մեծ նշանակութիւն ունեցող Խուտաֆերինի ջրամբարը։ Իրենց համար ճանապարհ բացուեց դէպի Կուբաթլու՝ Հայաստանի արեւելք։ Այդ օրերին հիւսիսային շրջաններում փոփոխութիւններ չկային։ Ինչպէս գիտէք, Արցախի բոլոր քաղաքների վրայ գրեթէ ամեն օր յարձակումներ էին կատարւում։ Իրենք կարողացան 10 օրուայ մէջ մինչեւ Զանգելան հասնել ու Կուբաթլուից յարձակումներ կատարել դէպի Լաչին։ Լաչինի կամուրջները խփուած էին, նրանք շատ հեռու չէին Լաչինից»,- հպանցիկ օրերին քրոնիկան ներկայացրեց Զօր Նարեկ Աբրահամեանը։ Ի դէպ՝ նշենք, որ Խուտաֆերինի ջրամբարը կառուցուել է Արաքս գետի վրայ, Իրանի ֆինանսական միջոցներով։ Ջրամբարը հիմնականում օգտագործում է Իրանի Իսլամական Հանրապետութիւնը։ Արաքս գետի վրայ կառուցուած այս ջրամբարը շահագործւում է 2010 թուականից։ Ջրամբարի կառուցումն ունի 2 նպատակով՝ ստանալ ելեկտրական ուժ եւ ոռոգել Իրանի հիւսիսային շրջանի շուրջ 75,000 հա հողատարածք։
Աբրահամեանը նաեւ ներկայացրեց, որ պատերազմի ընթացքում երեք անգամ հրադադար է հաստատուել՝ մէկը ԱՄՆ-ի միջնորդութեամբ, միւս երկուսը՝ ՌԴ-ի, որոնք սակայն չեն պահպանուել։
Բանախօսի խօսքով՝ ազրպէյճանական ուժերը թուրքական բանակի օգնութեամբ շարունակելով յարձակումները արդեն հոկտեմբերի 29-ին յայտնուեցին Շուշիի մօտակայքում՝ գտնուելով մի քանի քիլոմեթր հեռաւորութեան վրայ։ «Հատրութը գրաւելուց յետոյ իրենք չկարողանալով Մարտունիով հասնել դէպի Ստեփանակերտ Կարմիր Շուկայի հատուածից նահանջելով, ետ եկան նորից Հատրութ, որտեղից Աւետարանոց եւ Քարինտակ գիւղերով հասան Շուշի։ Այսինքն այս շրջանով իրենք կարողացան 4-5 օրուայ ընթացքում հասնել Շուշի։ Նոյեմբերի 4-5 -ին կռիւներ էին ընթանում Շուշիում։ Քարինտակ եւ Շոշ համայնքներում եւս կռիւներ էին։ Արդեն նոյեմբերի 8-ին իրենք յայտարարեցին, որ գրաւել են Շուշիի բերդը։ Ամսի 9-ին համաձայնութիւն ձեռք բերուեց զինադադարի, ամսի 10-ին ստորագրուեց այդ փաստաթուղթը Փաշինեանի, Ալիեւի ու Փութինի միջեւ։ Փաստացի իրենք մեր տարածքներից եւս գրաւել են՝ հանգրուանին, Շուշի, Լաչին»,- նշեց նա։

Բանախօսի կարծիքով երկու պատճառով մենք հասանք այս հանգրուանին, կորցրեցինք պատմական Արցախի մեծ մասը։ Առաջինը, որ մենք երեսուն տարի չկարողացանք որեւէ համաձայնութիւն ունենալ Հայաստանի ու Ազրպէյճանի միջեւ։ «Այսինքն՝ իրենք ուզում էին հինգ շրջանները գումարած երկուսը՝ Քարվաճառ եւ Լաչին։ Մենք մշտապէս բանակցութիւններում այս եօթ տարածքները տալու քննարկումները յետաձգել ենք, բոլոր նախագահների օրօք»,- ասաց նա, ապա նշեց՝ մեք աշխարհաքաղաքական կարեւոր խնդիրներում չկարողացանք ճիշտ կողմնորոշուել, հասկանալ՝ ինչ ենք անում, որ երկրի հետ ենք համագործակցում եւ այլն։ Նրա խօսքով՝ բոլոր գերտէրութիւններն ունեն աշխարհագրական իրենց շահերը, թէ՛ ամերիկացիները, թէ՛ ռուսները եւ մենք պէտք է կարողանայինք այդ իրավիճակում մեր շահը հասկանալ։
Ն․ Աբրահամեանը փաստեց՝ այսօր մենք գտնւում ենք նոր հանգրուանի ու մարտահրաւէրների առաջ։ «Մենք չենք կարողացել ճիշտ գնահատել ռազմավարական ու աշխարհաքաղաքական կարեւորութիւն ունեցող խնդիրները, որն էլ հասցրեց պատերազմի։ Մենք երեսուն տարի Հայաստանում, Արցախում ու Սփիւռքում չպէտք է այս ձեւով պատրաստեցուինք պատերազմի։ Փոխարէնը ազրպէյճանցիները իմանալով, որ բանակցութիւններով չեն կարող հասնել արդիւնքի, Էրտողանի քաջալերանքով անցան բանակը զինելուն ու պատերազմին պատրաստուելուն։ Իրենք գնեցին ամենաարդիական զէնքերը, որոնք ճակատագրական ելք ունեցան արցախեան այս պատերազմում»,- տեսակէտ յայտնեց բանախօսը։
Նա նկատեց՝ այս տարիների ընթացքում բացի ռազմականը, մենք նաեւ թերացել ենք դիւանագիտական ճակատում։ «Եթէ մենք, առանց ռուսին նեղացնելու, այլ դաշնակիցներ ունենայինք, այս օրերին նրանք մեզ գոնէ որոշ չափով կ՛աջակցէին»,- ընդգծեց նա։ Աբրահամեանի կարծիքով՝ այս իրավիճակի վրայ ազդեցութիւն է ունեցել նաեւ երկրում առկայ կաշառակերութիւնը, որի մասին վերջին երկու տարում անընդհատ խօսւում էր, բայց չէր վերանում։ Այսպիսով՝ Հայաստանը չունեցաւ զինուորական, տնտեսական պատրաստակամութիւն, դիւանագիտական թերութիւններ, որոնք հանգեցրին հայրենիքի կորստին։
Գալով պատերազմի դասերին, բանախօսը նշեց՝ առաջին հերթին պէտք է մտածել ժամանակակից զէնքերի ձեռք բերման մասին, գիտութեան զարգացման, արհեստական բանականութեան մասին։ «Մենք պատերազմի ժամանակ չունէինք անօդաչու թռչող սարքեր, որոնցով այս անգամ հակառակորդը առաւելութեան հասաւ։ Նրանք ունէին ամենաարդիական միջոցները, իսկ մենք՝ ոչ, դրա համար չկարողացանք առաւելութեան հասնել։ Սա, անշուշտ, թուրքական աջակցութեամբ տեղի ունեցաւ։ Հայկական բանակի սպան, զինուորը շատ աւելի խիզախ է, քաջ է, խելացի է։ Այս խոչընդոտը կոտրելու համար ազրպէյճանցիները կարողացել են մտնել մեր թիկունք ու անօդաչուներով չէզոքացնել մեր ուժերը։ Դա եւս առաւելութիւն է տուել ազրպէյճանցիներին, որը որոշեց պատերազմի ելքը»,- մանրամասնեց Զօր. Աբրահամեանը։
Նա նաեւ ցաւով նշեց, որ հայկական կողմում շատ են եղել դաւաճանութիւնը, դաւադրութիւնները, որոնք իրենց բացասական ազդեցութիւնն են թողել պատերազմի ելքի վրայ։ Բանախօսի կարծիքով՝ պէտք է քննութիւն տարուի այս ուղղութեամբ, անգամ եթէ վարչապետ Նիկոլ Փաշինեանը հեռանայ, իր փոխարէն գայ, օրինակ, Վազգէն Մանուկեանը, այս քննութիւնը պէտք է տարուի, պատասխանատուութեան ենթարկուողներ պէտք է լինեն․ «Ո՞վ դաւաճանեց, ո՞վ թերութիւններ ունեցաւ։ Բոլորը պէտք է պատասխանատուութեանն ենթարկուեն՝ սպայից մինչեւ գեներալ, վարչապետ»։
Նրա կարծիքով, այսօր մենք՝ հայ ժողովուրդը, ցաւոտ հանգրուանի ենք հասել, յուսալքուած ենք, բայց սա դեռ աւարտը չէ։ «Սա պէտք է ապտակ լինի առաջ գնալու ու ճիշտ ձեւով մտածելու, աշխատելու։
ՔՐԻՍԹԻՆԱ ԱՂԱԼԱՐԵԱՆ