Լեռնային Ղարաբաղում առաքելություն իրականացնող ռուս խաղաղապահները դիտակետերը հագեցրել են ամրաշինական կառույցներով՝ նախատեսված ռազմական անձնակազմը հրազենից և բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև մոտակա տարածքը շրջանաձև դիտարկում անցկացնելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ այդ նպատակին հասնելու համար դիտակետերի եզրագծերը հագեցվել են ցանցապատ կառույցներով: Այդ շինությունը ապահովում է խաղաղապահների ամբողջական պաշտպանությունը:
Նշվում է, որ դիտակետի ենթակառուցվածքը ներառում է հարմարավետ կեցավայր անձնակազմի բնակության համար, ինչպես նաև առանձնացված է հատված սնվելու գործընթացը կազմակերպելու նպատակով: Առկա են մշտական էլեկտրաէներգիայով ապահովելու համար համապատասխան սարքավորումներ:
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները համատեղ հայտարարություն էին ստորագրել այն մասին, որ նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ին հրադադար է հայտարարվում Լեռնային Ղարաբաղում: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Ռուսաստանի Դաշնությունը խաղաղապահ զորակազմ է տեղակայել Լեռնային Ղարաբաղում՝ վերահսկելու հրադադարի ռեժիմը: