Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան համայնքում հայտնված և ՀՀ պահպանվող պետական սահմանը ապօրինի հատելու համար ձերբակալված ադրբեջանցի տղամարդը կալանավորվել է: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին ասացին Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից:
«Այդ անձին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը հատելու համար։ Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան ՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, որը բավարարվել է»,- ասացին ԱԱԾ մամուլի կենտրոնից:
Դեկտեմբերի 11-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնել է, որ Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը ապօրինի հատելու համար ձերբակալվել է մեկ անձ, հարուցվել է քրեական գործ: «Արմենպրես»-ն ԱԱԾ էր դիմել պարզաբանելու տեղեկությունն այն մասին, որ Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան համայնքում դեկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ադրբեջանցի է հայտնվել, և ԱԱԾ աշխատակիցները նրան տարել են: ԱԱԾ-ից հայտնել էին հետևյալը. «Ապօրինի կերպով հատել է Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը: Այդ մասին ստացվել են օպերատիվ տվյալներ, որոնողական աշխատանքների արդյունքում այդ անձը հայտնաբերվել է, հարուցվել է քրեական գործ, ունի կասկածյալի կարգավիճակ, ձերբակալված է»: