Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հանդիպումը չեղարկվել է հայկական կողմի նախաձեռնությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
«Համանախագահների և Արայիկ Հարությունյանի հանդիպումը չեղարկվել է հայկական կողմի նախաձեռնությամբ։ Պատճառը ոչ լիարժեք ձևաչափն է, հատկապես հաշվի առնելով այն, որ ռուս համանախագահը տարածաշրջանային այցին չի մասնակցում»,- ասաց Պողոսյանը։
Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը Երևան են ժամանել Բաքու կատարած այցից հետո, դեկտեմբերի 13-ին` տարածաշրջանային այցի շրջանակներում: Դեկտեմբերի 14-ին նրանք հանդիպել են ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ, այժմ ընթանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը: Տարածաշրջանային այցին չի մասնակցում Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչ համանախագահ Իգոր Պոպովը: